Հայ ազգային կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ այսօր կրկին փորձել են ակցիա կազմակերպել Ազատության հրապարակում եւ կրկին ոստիկանները նրանց դա թույլ չեն տվել: Երիտասարդների թվում է եղել երեկ ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նրանք եկել նստել են Թումանյանի արձանի մոտ եւ սկսել են վարկարկել «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան» եւ այլն: Քիչ անց նրանց են մոտեցել մի խումբ ոստիկաններ եւ փորձել են համոզել, որպեսզի երիտասարդները հեռանան այդտեղից: Մի փոքր հեռվում կանգնած Երեւան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը ռացիայով ցուցումներ էր տալիս այդ ոստիկաններին, նրանց հրամայելով մոտենալ եւ անպայման հեռացնել երիտասարդներին հրապարակից:

Երբ երիտասարդները հրաժարվեցին կատարել ոստիկանների ապօրինի հրահանգները, ոստիկանները սկսեցին ավելի կոպիտ վարվել եւ քաշքշել ընդդիմադիր երիտասարդներին: Այս վիճաբանությունը տեւել է շուրջ  15 րոպե, որի ժամանակ երիտասարդները չէին համաձայնում հեռանալ:

Ի վերջո, մոտեցել է Ռոբերտ Մելքոնյանը եւ շատ ավելի կոպիտ ձեւով ոստիկանների օգնությամբ ցրել երիտասարդներին: Ոստիկանների մեծ մասը եղել է քաղաքացիական հագուստներով: Ոստիկանների ձեռքին կար նաեւ տեսախցիկ, որով նրանք նկարահանում էին տեղի ունեցողը: Ռ. Մելքոնյանը ցուցումներ էր տալիս թե ում նկարի: Ի վերջո, բախումից խուսափելու համար երիտասարդները հեռացան դեպի Սարյանի արձան: