Ստեփանակերտում բացվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Վահե Գաբրիելյանի՝ «Բրիտանիա» խորագրով ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով այս օրերին 70-րդ այցով գտնվում է ԼՂՀ-ում:
Ցուցահանդեսում ներկայացվել են Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ճարտարապետական և պատմական հուշարձանները, բնությունը, մշակույթը, կենսակերպը պատկերող ավելի քան հարյուր աշխատանքներ:
Վահե Գաբրիելյանը հայտնել է, որ ցուցահանդեսն իր 7-ամյա աշխատանքի արդյունքն է եւ նպատակ ունի արցախցիներին ներկայացնել այն երկիրը, որտեղ ապրում է Արցախի մեծ բարեկամ լեդի Քոքսը: Իսկ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն էլ բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի ներդրումը Արցախի կենսագործունեության տարբեր բնագավառների զարգացման գործում, նրա բարոյական աջակցությունը անկախ պետականություն ստեղծող ժողովրդին:


























