Քաղբանտարկյալ Սասուն Միքայլեյանի առողջական վիճակը կրկին վատացել է, եւ նա դարձյալ պետք է սրտի վիրահատության ենթարկվի։ Այս մասին NEWS.аm-ին քիչ առաջ հայտնեց  Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Բժիշկները նախնական հետազոտությունից հետո որոշել են քաղբանտարկյալին Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում վերջնական հետազոտության ենթարկել եւ նոր միայն վիրահատական միջամտություն կատարել։ Մինչ այդ, հունիսի 11-ին քաղբանտարկյալը պետք է կարանոգրաֆիա՝ զոնդավորում անցնի։

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Սասուն Միքայելյանը հաճախ կրծքավանդակի մասում  սեղմումներ, ծակոցներ ունի, հաճախակի բարձրանում է նաեւ արյան ճնշումը։ Նա ներարկումներ է ստանում։ Քաղբանտարկյալը պարբերաբար ցավեր է ունենում նաեւ ոտքի շրջանում, քանի որ պատերազմի տարիներից նրա ոտքի մեջ մնացած բեկորները սկսել են շարժվել։ Չնայած սրան՝ ոտքի վիրահատություն նախատեսված չէ, քանի որ բեկորները վտանգավոր հատվածում են՝ նյարդին կպած եւ վիրահատելիս հնարավոր է նյարդը վնասվի։ ՀԱԿ իրավական ծառայության ներկայացուցիչն ասաց նաեւ. «Սասուն Միքայելյանը մոտ երկու ամիս առաջ վիրահատության էր ենթարկվել, սակայն ամիսներ անց պարզվում է, որ նրա առողջական վիճակը բանտային պայմանների հետեւանքով բարելավված չէ, եւ նա կրկին վիրահատության կարիք ունի։ Նրան անազատության մեջ պահելը Եվրոպական կոնվենցիայի չափանիշներով անմարդկային վերաբերմունք է, ավելին՝ խոշտանգում։ Ես կուզեի ավելի սրել հարցը. Սասուն Միքայելյանի հանդեպ  ցուցաբերվող վերաբերմունքը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում է, քանի որ այսպիսով  խախտվում է մարդու կյանքի իրավունքը։ Իսկ իշխանությունները որեւէ համարժեք քայլ չեն կատարում՝ պաշտպանելու այդ իրավունքը»:

Հիշեցնեք, որ Միքայելյանը անազատության մեջ եղած ժամանակ արդեն 10 վիրահատության է ենթարկվել։ Նա 8 տարվա ազատազրկման է  դատապարտվել «Մարտի 1»-ի գործով եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։