Մայիսի 28-ից ի վեր ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքացիների մուտքը նորաբաց Ազատության հրապարակ՝ ոչ միայն անհատական կամ խմբային քաղաքացիական ու քաղաքական ակցիաներ անցկացնելու, այլեւ զբոսնելու համար եւ իրենց գործողությունների համար որեւէ օրինական հիմք չեն վկայակոչել: Այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն  տարածել, որում ասվում է, որ ոստիկանություն բերման են ենթարկել իրենց սահմանադրական իրավունքն իրացնել ցանկացող քաղաքացիների, անգամ ձերբակալել ու կալանավորել։ Ձերբակալել են նաեւ լրագրողի՝ կոպտորեն խոչընդոտելով նրա մասնագիտական պարտականությունների կատարմանը:

«Այն, ինչ կատարվել ու կատարվում է մայիսի 28-ից ի վեր Ազատության հրապարակում ու նրա մատույցներում բացահայտ ապօրինություն է.

Ա) ՀՀ Սահմանադրության 25 եւ 29 հոդվածները երաշխավորում են յուրաքանչյուրի ազատ տեղաշարժի, հավաքների իրավունքը։

Բ) ՀՀ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերում սպառիչ տրված են այն օբյեկտների ցանկը, որոնց մոտ կամ որոնցում արգելվում են կամ «լիազոր մարմնի կողմից» կարող են արգելվել հրապարակային միջոցառումները։ Օբյեկտների այդ ցանկում Ազատության հրապարակը չկա ու չէր էլ կարող լինել, քանզի այն նման միջոցառումների ավանդական տեղի է 20 տարուց ավելի։

Գ) Նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ինքնաբուխ հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նախաձեռնությամբ, առանց որեւէ պետական մարմնի իրազեկման։

Դ) Նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի պահանջել դադարեցնել հրապարակային միջոցառման անցկացումը։ «Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառման» դեպքում նախատեսված է դադարեցման պահանջի միայն մեկ դեպք՝ երբ այն շարունակվում է 6 ժամից ավելի։

Ե) Որեւէ օրենք չի սահմանափակում ինքնաբուխ հրապարակային միջոցառման մասնակիցների թվակազմը, ուստիեւ այն չի կարող արգելման կամ դադարեցման հիմք հանդիսանալ։

Զ) Որեւէ օրենք ոստիկանությանը չի լիազորում արգելել ինքնաբուխ հրապարակային միջոցառման անցկացումը։

Այսպիսով, ոստիկանության գործողությունները ս.թ. մայիսի 28-ից ի վեր եղել են հակասահմանադրական ու հակաօրինական։ Ոստիկանությունն ապօրինի վարքագծով, հակասահմանադրական ու հակաօրինական գործողություններով իրեն փաստորեն օրենքից դուրս է դնում։ Ավելին՝ ոստիկանների գործողություններն իրենց մեջ հանցակազմ են պարունակում, քանզի՝

Է) Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի՝ «Օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը, ինչպես նաեւ ժողովներին, հանրահավաքներին, երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Ը) Համաձայն նույն օրենքի 164 հոդվածի՝ խոշոր տուգանքներից սկսած, ընդհուպ մինչեւ 3 տարվա ազատազրկում է նախատեսում նաեւ «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»:

Ելնելով այս ամենից, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

- Շարունակելու է աչալուրջ հետեւել ոստիկանության գործողություններին, արձանագրել ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական եւ օրինական իրավունքների ու ազատությունների խախտման փաստերը։

- Այդ մասին իրեն հասու բոլոր միջոցներով տեղեկատվություն է ապահովելու ինչպես հանրությանը, այնպես էլ միջազգային կառույցներին։

- Մայիսի 28-ից ի վեր ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների կատարման մասին հաղորդագրություն է ներկայացնելու ՀՀ դատախազություն»: