Մայիսի 6-ին Մոսկվայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի 2010 թ. Առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում հաջող է ելույթ ունեցել 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, Նա առաջին մրցամարտում 7:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամոզան Մագոմեդովի նկատմամբ, իսկ այնուհետեւ 13:3 հաշվով հաղթել է հույն Իոանիս Միլիտոպուլոսին: Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 կգ) 4:0 հաշվով պարտության է մատնել լեհ Մաթեուս Մալույդային, իսկ 54 կգ քաշային Կարեն Այլազյանը, ով Եվրոպայի 2009 թ. երիտասարդների չեմպիոնն է, 2:11 հաշվով զիջել է իռլանդացի երիտասարդ բռնցքամարտիկ Ջոն Նեւինին, ով 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից է։

Հայաստանի հավաքականի կազմում եւս 5 մարզիկներ են ռինգ մտել: Նրանցից 4-ը վստահ հաղթանակ են տոնել եւ դուրս են եկել հաջորդ փուլ: Ընդհանուր առմամբ` պայքարը թողել են մեր ընտրանու 2 անդամներ, իսկ 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւ 60 կգ Արա Պուլուզյանը դեռ ասպարեզ դուրս չեն եկել։ 51 կգ Դերենիկ Գիժլարյանը 16:4 հաշվով պարտության է մատնել հունգարացի Նորբերտ Կալուցային։ 2008 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ) 11:2 հաշվով ջախջախել է Ալեքսանդր Վասիլեւին (Ֆինլանդիա): 69 կգ քաշայինների պայքարում Սամվել Մաթեւոսյանը 0:18 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Ալեքսիս Վաստինին։

75 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը 13:2 հաշվով առավելության է հասել խորվաթ Սանին Պոր Վրոչի նկատմամբ: