2010 թվականի չորս ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների հանցագործությունների 113 դեպք: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նա նշեց, որ դեպքերի քանակը 28-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
«Անչափահասների կատարած հանցագործությունների գերակշիռ մասը, նախորդ տարիների պես, գողություններն են, հիմնականում մանր գողությունները, երկրորդ տեղում մարմնական վնասվածքներն են եւ շատ քիչ են ծանր հանցագործությունները»,- ասաց գնդապետը:
Նա նշեց նաեւ, որ 2009 եւ 2010 թվականին թրաֆիքինգի դեպքեր չի գրանցվել, սակայն եղել է անչափահասներին պոռնկության մեջ ներգրավելու 4 դեպք:
Անչափահասների նկատմամբ գրանցվել է սեռական բռնության 44 դեպք:
2009 թվականի ընթացքում 28 անչափահաս ինքնսպան է եղել, հիմնականում՝ կենցաղային կամ սիրային պատճառներով: 2009 թվականին կրոնական հողի վրա 15 տարեկան մի աղջիկ է ինքնասպան եղել:
Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալի տվյալներով՝ 2009 թվականին գրանցվել է մուրացկանության 23 եւ խուլիգանության 19 դեպք: Գրանցվել են նաեւ նորմալ վարքի խախտումներ: Սրանք այն դեպքերն են, երբ երեխաները որոշակի խնդիրներ են ունենում ընտանիքի, ծնողների հետ եւ հայտնվում են փողոցում:
Նելլի Դուրյանի հավաստմամբ, անչափահասների շրջանում հիմնականում տղաներն են հանցագործության դիմում: Գնդապետն ասաց, որ 1997 թվականի հետ համեմատ, մուրացկանությամբ զբաղվող անչափահասների քանակը նվազել է: Ըստ նրա՝ դա պայմանավորած են նրանով, որ անչափահասները սկսել են ավելի շատ աշխատել:



























