Barcamp Երեւան 2010-ը, որին մասնակցում էին շուրջ 350 ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, բլոգերներ, լրագրողներ եւ ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվող մարդիկ, տեղի ունեցավ հունիսի 5-6-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Barcamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով անցկացվող այսպես կոչված չկոնֆերանսները. չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում:
Վարչապետի հետ հանդիպումը սկսվեց միջոցառման մասնակիցների հարցերով, որոնք հիմնականում վերաբերում էինք վերջին շրջանում բլոգներում լայն տարածում գտնող թեմաներին` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հնարավոր քանդմանը, օտարալեզու դպրոցների վերաբացմանը, ինտերնետին, համակարգչային գրագիտությունը մարզերում եւ այլ թեմաներ: Դահլիճում բուռն քննարկումներից հետո ՀՀ վարչապետը խոսեց իր բլոգի մասին:
«Բլոգը բացառիկ հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել հազարավոր մարդկանց հետ՝ առանց միջնորդի: Այն ինձ հնարավորություն տվեց հասկանալ, թե ո՞ր հարցն է ավելի սուր քննարկում առաջացնում բլոգերների շրջանում»,- ասաց վարչապետը` ավելացնելով, որ բլոգերները յուրահատուկ մարդիկ են, որոնց հետաքրքրում են յուրահատուկ խնդիրներ, եւ ինքը կփորձի գտնել բլոգերներին հետաքրքրող հարցերի պատասխանները, որպեսզի ընդլայնի իր բլոգի լսարանը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` բլոգի քննարկումներից արդեն իսկ երեւում է հանրության վերաբերմունքը այս կամ այն հարցի նկատմամբ, եւ ակնհայտ են դառնում այն հարցերը, որոնցով պետք է զբաղվի Կառավարությունը:
Նշենք, որ այս տարի Barcamp Երեւան 2010-ը անց է կացվում ՀՀ կառավարության, Microsoft, iCon Communications, Marketing solutions SP ընկերությունների, Քաղաքական եւ սոցիոլոգիական կոնսալտինգի ինստիտուտի (IPSC) աջակցությամբ:
Տեղեկացնենք, որ Barcamp-ը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձեւաչափ է, որտեղ նախօրոք չեն ծրագրում շնորհանդեսները, որոնք վերաբերում են համացանցին եւ ՏՏ ոլորտին, չկան հատուկ հրավիրված բանախոսներ, իսկ զեկուցումներ անում եւ դրանք քննարկում են հենց մասնակիցները:
Առաջին անգամ միջոցառում կազմակերպելու այս ձեւաչափը կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։
«ԲարՔեմփ Երեւանը» տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ այն կայացել է 2009 թվականի ապրիլի 17-19-ը:


























