Հունիսի 8-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի կեցավայրում 9 հայ աշակերտուհիներ գերմաներենի քննության գերազանց արդյունքների համար կպարգեւատրվեն գերմաներենի լեզվական դիպլոմով, եւս 10 աշակերտ կստանան վկայականներ գերմաներենի դասընթացներին մասնակցելու համար։

Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գերմաներենի լեզվական դիպլոմը հանդիսանում է աշակերտների գերմաներենի իմացության բարձր մակարդակի ապացույց եւ հեշտացնում է Գերմանիայում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելը, քանի որ Գերմաներենի լեզվական դիպլոմի առկայության դեպքում այլեւս չի պահանջվում լրացուցիչ գերմաներենի իմացության քննություն հանձնել։

Գերմաներենի լեզվական դիպլոմի դասընթացները Հայաստանում անցկացվում են 2004թ.-ից սկսած, ներկայումս՝ երեք դպրոցում։

Գերմաներենի լեզվական դիպլոմի արժանացած աշակերտները կարող են նաեւ դիմել կրթաթոշակային ծրագրի՝ Գերմանիայում ուսանելու համար։