Հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակությունը ճիշտ հունով ուղղորդելու համար Հայաստանում անհրաժեշտ է անհապաղ մշակել հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ակցիայի նախաձեռնողներից մեկը` Ակադեմիական համագործակցության ու աջակցության հայկական ասոցիացիայի (ARMACAD) նախագահ Խաչիկ Գեւորգյանը՝ ավելացնելով, որ նման կոչով Barcamp-ի մասնակիցները դիմել են ՀՀ վարչապետին՝ հորդորելով զարգացնել հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակությունը։
Տիգրան Սարգսյանին ուղղված դիմումում, որի տակ ստորագրել են Barcamp միջոցառման մոտ 200 մասնակիցներ, բարձրացված են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ պետական կառույցների ամբողջ գրագրությունը կատարել միայն յունիքոդ տառատեսակներով, պետական ծառայողներին հորդորել՝ պաշտոնական նամակագրության ժամանակ օգտագործել իրենց հաստատության դոմենում գտնվող էլ. փոստի հասցեն։
«Մեր կոչն է, որպեսզի պետական ծառայողները օգտագործեն ոչ թե տարբեր ազատ դոմեններում դրված էլ փոստերի հասցեներ, այլ տվյալ նախարարության կամ տվյալ պետական կառույցի դեմենում գտնվող էլ. փոստի հասցեն, օրինակ՝ եթե կառավարությունն է gov.am կամ խորհրդարանն է՝ parliament.am եւ այդպես շարունակ»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է պարտավորեցնել բոլոր պետական կառույցներին, որպեսզի իրենց աշխատակիցներին տրամադրեն տվյալ մարմնի դոմենային տիրույթում գտնվող էլ. փոստի հասցե։
Նախաձեռնության հեղինակները կառավարությանը նաեւ կոչ են անում պարտավորեցնել այն պետական կառույցներին, որոնց կայքէջը ցայսօր գործում է ոչ յունիքոդ տառատեսակներով, սեղմ ժամկետներում կայքը վերակառուցել յունիքոդային համակարգով։
Այժմ ոչ յունիքոդ տառատեսակներով կայքերի թվում են՝
Հայաստանի արտաքին գործերի նախարարության
http://www.armeniaforeignministry.com/index_arm.html
Հայաստանի հանրային հեռուստաընկերության
http://www.armtv.com/cover/arm/
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան
http://www.mca.am/new/armversion/index.php , ինչպես նաեւ
ՀՀ Ոստիկանության http://www.police.am/
ՀՀ Սահմանադրական դատարանի http://www.concourt.am/
Քաղաքացիական ավիացիայի http://www.aviation.am/
ՀՀ Կենտրոնական բանկի http://www.cba.am/
կայքերը։
Ակցիայի նախաձեռնողները կոչ են անում նաեւ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ պետական եւ ոչ պետական կառույցներին հայերեն տառերի նշագրում ունեցող ստեղնաշարերով հագեցնելու համար:


























