Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում շարունակվող եզդիների ցեղասպանության հիմնական մեղավորը Թուրքիան է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շանգալ» թերթի խմբագիր Գյուրջիս Քոչոյանը:

«Իսլամական պետության հիմնական կորիզը սունիներն են, եւ եզդիների ցեղասպանության հիմնական մեղավորը Թուրքիան է, որը 100 տարի առաջ նույն բանն է արել հայերի հետ»,- ասաց Գյուրջիս Քոչոյանը:

Գյուրջիս Քոչոյանի խոսքով, չնայած դեռ շատ եզդիներ շարունակում են գերեվարված մնալ Սինջարի լեռներում, սակայն նրանցից որոշներին հաջողվել է ազատել գերեվարությունից:

«Մի քանի օր առաջ մենք Սինջարի սարերում 25 գերեվարված եզդի կանանց եւ երեխաների կարողացանք ազատել՝ կազմակերպելով նրանց փոխանակումը եզդիների կողմից գերեվարված իսլամիստ գրոհայինների հետ»,- ասաց Գյուրջիս Քոչոյանը՝ ավելացնելով, որ դա մեծ ուրախություն է եզդի ժողովրդի համար:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը նշեց, որ առաջիկայում եզդի զինված ջոկատները պատրաստվում են «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից գրավված Սինջարը հետ վերցնել:

«Մենք հիմա ունենք 1700, 5000 հոգանոց ջոկատներ եւ առաջիկայում պատրաստվում ենք հետ վերցնել Շանգալի կենտրոն Սինջարը: Մեզ այդ գործողություններում օգնելու են Քուրդիստանի Ինքնավար Պետության զորքերը, հարավից՝ իրաքյան զորքերը, իսկ առջեւից քաղաք մտնելու են եզդիները»,- ասաց Ամո Շարոյանը՝ ավելացնելով, որ վերջերս եզդիների պատվիրակությունը այցելել է ԱՄՆ պետդեպարտամենտ եւ պայմանավորվածություն ձեռք բերել նրանցից՝ զինվորական եւ հումանիտար աջակցություն ստանալու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ից սկսած եզդիների ցեղասպանությանը զոհ է գնացել 15-20 հազար մարդ, ավելի քան 100 հազարը դարձել է փախստական։