Իսրայելական զինվորական պատվիրակության ինքաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն չտալուց հետո իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա խիստ է արձագանքել Թուրքիայի այդ քայլին։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա  անգլիական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում խորհուրդ է տվել Թուրքիային երկու երկրների միջեւ ստեղծված ճգնաժամը խորացնելուց առաջ երկու անգամ մտածել։

Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան կարծես ընտրել է հարաբերությունների լարման  ճանապարհը, որը ոչ մեկին օգուտ չէ։ «Եթե Թուրքիան առիթ է փնտրում Իսրայելի հետ հարաբերությունները ամբողջովին խզելու համար, դա կվնասի Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դիրքին։  Երկու երկրների շահերից է բխում ռազմական ոլորտում համագործակցությունը, եւ դրա փոփոխության համար որեւէ պատճառ չկա»,-նշել է նա։

Իր խոսքում, իսրայելցի պաշտոնյան Թուրքիային հիշեցրել է  Խորհրդային Միության գլխին եկածը՝ ասելով, որ 1967թ.-ին Խորհրդային Միությունը մեջքով շրջվեց Իսրայելին, սակայն հետագայում ափսոսաց, քանի որ հասկացավ, որ կորցրել է տարածաշրջանում իր ազդեցությունը։