Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելում գաղտնի հանդիպել է Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բեն Էլիզերի հետ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Բրյուսելում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության համար նոր բանակցությունների  խորհրդաժողովից հետո տեղի է ունեցել գաղտնի հանդիպումը։   2,5 ժամանոց  այդ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի Crown plaza հյուրանոցում, որին թուրքական կողմից մասնակցել է նաեւ ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը եւ 1 անվտանգության աշխատակից։  Հանդիպմանը որոշվել է կրկին կարգավորել երկկողմ հարաբերությունները, սակայն կողմերը նախ պետք է տեղեկություններ հաղորդեն իրենց նախագահներին, եւ այնուհետ շարունակեն քննարկումները։

Հայտնի է դարձել, որ Դավութօղլուի հետ հանդիպմանը հրաժարվել է մասնակցել Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, այդ պատճառով հանդիպմանը մասնակցել է առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բեն Էլիզերը։

Հիշյալ հանդիպման մասին լուրը հաստատել է նաեւ Իսրայելի կառավարության մի պաշտոնյա՝ նշելով, որ հանդիպումը եղել է կիսապաշտոնական։
Նշենք, որ մայիսի 31-ին Գազա ուղեւորվող թուրքական Mavi Marmara նավի դեմ Իսրայելի իրականացրած գործողություններից հետո խիստ լարվել են թուրք-իսրայելական հարաբերությունները: Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել,  փոխհատուցում տալ սպանվածների ընտանիքներին եւ միջազգային հետաքննող հանձնաժողով ստեղծել։