Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը որոշել է կրճատել ամենօրյա թռիչքները դեպի Իսրայել, հաղորդում է haaretz.com-ը:

Բանն այն է, որ այդ ուղղությամբ ուղեւորների թիվը կտրուկ կրճատվել է իսրայելցիների կողմից այսպես կոչված «Ազատության նավատորմի» վրա հարձակման ընթացքում Թուրքիայի 8 եւ թուրքական ծագմամբ ամերիկյան մի քաղաքացու մահվանից հետո:  

Նշենք, որ 2010թ. համար Թուրքիայում հանգստանալ պատրաստվող 150 հազար իսրայելցիներից 100 հազարը չեղյալ էին հայտարարել ծրագրված հանգիստը: 2010թ. հունվար-մայիս ամիսներին մոտ 107 հազար իսրայելցիներ են այցելել Թուրքիա: Անցած տարի նույն ժամանակահատվածում Թուրքիա էին այցելել 153 հազար իսրայելցիներ:  

Բեն-Հուրիոն օդանավակայանի ղեկավարության կողմից ստացված վիճակագրական տվյալներով, Թուրքիա մեկնող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը հունիսին նվազել է 10 տոկոսով:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, Թուրքիան սպառնացել է խզել դիվանագիտական կապերը Իսրայելի հետ, եթե իր քաղաքացիների մահվան համար պաշտոնական ներողություն չստանա: Դավութօղլուն հայտարարել է, թե բացի ներողությունից՝ Անկարան դրամական փոխհատուցում է ակնկալում Իսրայելից: