ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի կարծիքով՝ Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից եւ փոխհատուցի «Ազատության նավատորմի» գրավման ժամանակ սպանված մարդկանց համար։

«Առաջին հերթին Իսրայելը պետք է ներողություն խնդրի եւ փոխհատուցի  իր գործողությունների համար։ Այսպիսին են Թուրքիայի պայմանները։ Նա նաեւ պետք է համաձայնի, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հետաքննություն անցկացնի»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նաեւ նշել է, որ «Ազատության նավատորմի» հետ կապված դեպքը Թուրքիան չի դիտարկում որպես  Իսրայելի հետ հակամարտություն, «դա միջազգային խնդիր է, քանի որ դեպքը պատահել է չեզոք ջրերում»։

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար  Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, թե Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրիքայից՝ այսպես կոչված «Ազատության նավատորմ»-ի միջադեպի համար։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը հարձակվել էր  իրավապաշտպանների միջազգային «Ազատության նավատորմ» կոչեցյալ նավախմբի վրա, որը իբր Գազայի հատված հումանիտար օգնություն էր տանում։ Հրաձգության արդյունքում սպանվել էր 9 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ, տասնյակ մարդիկ վիրավորել էին, շատերն էլ ձերբակալվել էին, այնուհետեւ արտաքսվել։