Քաղբանտարկյալներին ազատ արձակվելու հանգամանքը բավական լուրջ խմորումներ է առաջացրել ոստիկանության եւ հայաստանյան օլիգարխների շարքերում:
NEWS.am-ի տեղեկություններով` մի շարք օլիգարխներ, այդ թվում ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ այլոք, շաբաթ օրը հանդիպել են Սերժ Սարգսյանին եւ ուղղակիորեն հայտարարել, թե քաղբանտարկյալների ազատ արձակումը լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ: Սամվել Ալեքսանյանն, օրինակ, հայտարարել է, թե Հակոբ Հակոբյանի ազատումից հետո իրեն չի հաջողվի իր ձեռքում պահել Մալաթիա-Սեբաստիա համայնքը:
Լուրջ իրավիճակ է ստեղծվել նաեւ ոստիկանության մարմիններում: Բազմաթիվ ոստիկաններ ժամանակին ցուցմունքներ են տվել քաղբանտարկյալների դեմ, եւ այժմ մասնավոր զրույցներում վախեցած նշում են, թե իշխանություններն իրենց խոստացել էին, որ ընդդիմադիրներին երկար ժամանակով են փակում, եւ ոստիկանները խնդիրներ չեն ունենա, իսկ հիմա` քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո վստահ չեն, որ իշխանություններն իրենց տեր են կանգնելու:



























