Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Ամինա Էրդողանը, հանկարծակի հիշել է ամուսնու հետ կապված դեպքերից մեկը։
Անկարայում պաղեստինցի կին ձեռնարկատերերի հետ հուլիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին մեղադրել է դեպքերի խեղաթյուրման մեջ եւ նրան «խաբեբա» անվանել։
Նման մեղադրանքների համար հիմք է հանդիսացել Դավոսում տնտեսական համաժողովի ընթացքում գրանցված միջադեպը։ Ինչպես հայտնի է, Էրդողանը Պերեսի հետ բանավեճից հետո լքել էր դահլիճը՝ խոստանալով այլեւս չմասնակցել գագաթնաժողովին։ Նշենք, որ Պերեսն ավելի ուշ զանգահարել էր Էրդողանին եւ ներողություն խնդրել նրանից։
Թուրքիայի առաջին տիկինը պատմել է, որ չի կարողացել զսպել արցունքները եւ ցանկացել է, որ ինչ-որ մեկը «լռեցնի» Իսրայելի նախագահին։ Ամինան խոստովանել է, որ ուրախացել է, երբ իր ամուսինը վեր է կացել եւ դուրս եկել սրահից։
Ամինա Էրդողանը ընդգծել է, որ ինքը չի սիրում խառնվել քաղաքական գործերի մեջ, սակայն Պերեսի պահվածքը իրեն հունից հանել է, հայտնում է Newsru.com-ը։




























