ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունը 50 օր անց Ուսանողական այգու մասին 20.000 քաղաքացիների դիմումը փոխանցել է քաղաքապետարանին՝ նշելով, որ պատասխանը կստացվի այնտեղից։
Արձագանքելով այն փաստին, որ դիմումի 4 հասցեատերերից ոչ ոք ցայսօր հրապարակավ չի պատասխանել գրությանը՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը 20000 քաղաքացիների անունից հայտարարում է, որ առնվազն 3 ազգային արժեքների (Ազգային գրադարանի, ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի արձանի եւ Ալեքսանդր Թամանյանի նախագծած ճարտարապետական համալիրի) հետ կապված խնդրի վերաբերյալ ակնկալում է ՀՀ նախագահի անմիջական դիրքորոշումը։
Նշենք, որ դեռեւս մայիսի 24-ին «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները նամակ են գրել Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես պահանջում են դադարեցնել Հայաստանի ազգային գրադարանի եւ Հայաստանի պետական ագրարարային համալսարանի միջեւ տեղակայված Ուսանողական այգում իրականացվող շինարարությունը եւ վերականգնել այգին` վերադարձնելով այն իր իրական տերերին` Երեւանի բնակիչներին:
«Այգում կառուցվող երկու գետնափոր զվարճանքի օբյեկտները հակասում են քաղաքաշինական, բնապահպանական, ինչպես նաեւ բարոյական նորմերին` աղավաղելով այգու հանրային մթնոլորտը ու անարգելով հայ մեծանուն ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Երեւան քաղաքի ավագանիում ՀՀԿ խմբակցությունը կազմում է բացարձակ մեծամասնություն եւ քաղաքապետը Ձեր ղեկավարած քաղաքական թիմի անդամ է` դիմում ենք Ձեզ` ակնկալելով Ձեր գործուն եւ որոշիչ միջամտությունը: Լիահույս ենք, որ Ձեր դիրքորոշումը կստեղծի խորհրդանշական նախադեպ, որը կկանխի Երեւան քաղաքի կանաչ տարածքների հանդեպ հետագա ոտնձգությունները»,- ասված է եղել նամակում:




























