ՀՀՇ անդամությունից Կարապետ Ռուբինյանի հրաժարականը ցնցել է ՀՀՇ վարչության անդամ ընտրված՝ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ազատազրկված, քաղբանտարկյալներ Արամ Բարեղամյանին եւ Հարություն Ուռուտյանին, որոնց համար անսպասելի էր Ռուբինյանի նման որոշումը: «Ես ցավում եմ եւ ափսոսում, որ մեր կուսակից ընկերը այդպիսի որոշում է կայացրել: Հուսով եմ, որ նա կշարունակի իր պայքարը ընդդիմության շարքերում: Իսկ եթե որոշի Հայ ազգային կոնգրեսից դուրս գալ, դա արդեն այլ թեմա է: Ես չէի ուզենա, որ դա տեղի ունենար»,-NEWS.am-ի թղթակցին փոխանցեց «Սեւան» ՔԿՀ-ում գտնվող Արամ Բարեղամյանը:

Իսկ «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող Հարություն Ուռուտյանը նշեց, թե իր համար տարօրինակ է Ռուբինյանի այն պնդումը, որ վարչության կազմի ընտրությունները կեղծվել են: «Այդպիսի բան լինել չի կարող, քանի որ, որքան ես եմ տեղեկացված, Անիի տարածաշրջանի բոլոր պատվիրակները ընտրել են եւ նորմալ ընտրություն է կայացել: Թե ինչո՞ւ է Ռուբինյանը բողոքում՝ ես տեղյակ չեմ»:

Անդրադառնալով ՀՀՇ վարչության նորընտիր կազմին՝ քաղբանտարկյալները նշեցին, որ վարչությունում ընդգրկված են արժանի մարդիկ: Արամ Բարեղամյանն ասաց, որ իր թեկնածությունը, որպես վարչության անդամ, բազմիցս առաջադրել են ՀՀՇ նախորդ համագումարներում, սակայն ինքը հրաժարվել է՝ իր տեղը զիջելով ավելի փորձառու քաղաքական գործիչների: «Այսօր ես ընտրվել եմ վարչության կազմում՝ տարիների ընթացքում իմ ծավալած կուսակցական գործունեության շնորհիվ: Ես շնորհակալ եմ ինձ տված վստահության քվեի համար»,-նշեց Բարեղամյանը: Նա նաեւ հավելեց, որ  չնայած բանտարկված է, սակայն այսուհետ ակտիվորեն հանդես է գալու մամուլում եւ հարցազրույցներ է տալու: «Ես ազատ մարդ եմ եւ իմ կարծիքն ազատ կարտահայտեմ տարբեր հարցերի շուրջ»,-ընդգծեց Բարեղամյանը: Հարությունն Ուռուտյանն էլ նշեց, որ երկար տարիներ կուսակցական ակտիվ գործունեություն է ծավալել եւ իրեն առաջադրեն ՀՀՇ վարչության անդամ առաջադրելուն նպաստել է այն հանգամանքը, որ իրենք քանտարկյալ են: Նա նշեց նաեւ, որ շատ ծանր է տարել ՀՀՇ-ի պառակտման մասին խոսակցությունները՝ հավելելով, թե դա իշխանությունների կողմից իրականացվող գործընթաց է:

Նշենք, որ ՀՀՇ վարչության անդամ է ընտրվել նաեւ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով ազատազրկված Աշոտ Մանուկյանը: ՀՀՇ վարչության անդամ էր առաջադրվել 45 թեկնածու: Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության կազմն ընդլայնվել է՝ նախկին 25-ի փոխարեն դառնալով 31: