Հուլիսի 26-ին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Արմավիրի մարզում ծանոթացել են ոռոգման ենթակառույցների գծով ընթացող շինարարական աշխատանքների առաջընթացին, ֆերմերների աջակցության ծրագրերին, ինչպես նաեւ ոռոգման կառավարման մարմիններին տրամադրվող օժանդակությանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանատնից, այցելության առաջին կետը Ստորին Հրազդան մայր ջրանցքի վերանորոգված հատվածն էր Մերձավան համայնքում: Վերականգման աշխատանքների ավարտից հետո ջրանցքը կսպասարկի 36.000 շահառուի՝ Արմավիրի մարզում եւ Երեւանում:  Այցելության երկրորդ կանգառը Արտիմետ համայնքի վերանորոգված երրորդ կարգի ջրանցքն էր, որի վերականգնումից հետո  Արտիմետ համայնքի 710 շահառու կօգտվի ոռոգման համակարգից:  Հաջորդ կանգառը ֆերմեր Սիմոն Ջամալյանի ցուցադրական տնտեսությունն էր, որտեղ ՀՄՀ-Հայաստան ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում ներկայացված են ոռոգման նոր տեխնոլոգիաները եւ բարձրարժեք գյուղատնտեսության փորձը: Վերջին կանգառն էր «Վաղարշապատ» Ջուր օգտագործողների ընկերությունը (ՋՕԸ), որը հանդիսանում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացման ենթաբաղադրիչի շահառու: Տրամադրված աջակցությունը ներառում է ՋՕԸ-ների համար կառավարման բարելավման պլանների մշակումը եւ իրականացումը, ֆինանսական կառավարման եւ հաշվապահական ծրագրերի, աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը, ինչպես նաեւ այդ համակարգերի կիրառման եւ օգտագործման նպատակով դասընթացների անցկացումը:

Արմավիրի մարզում կատարված ներդրումը ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված Համաձայնագրով (2006 թ.) Հայաստանի գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտներին տրամադրվող 180 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման կարեւորագույն մասն է: Մինչ ծրագրի ավարտը` 2011թ. սեպտեմբեր, ՀՄՀ-Հայաստան ծրագրով նախատեսվում է վերանորոգել Հայաստանի ոռոգման 6 մայր ջրանցքների որոշ հատվածներ, 17 պոմպակայաններ, 5 ոռոգման ինքնահոս համակարգեր, կառուցել շուրջ 90 համայնքներում նոր ներտնտեսային ջրանցքներ եւ վերականգնել Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: Ծրագիրը նաեւ վերապատրաստում է շուրջ 45,000 ֆերմերի՝ գյուղատնտեսության վարման առաջավոր փորձի ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն է տրամադրում ջուր մատակարարող ընկերություններին, ինչպես նաեւ 8,5 միլիոն դոլարի վարկ է տրամադրում ֆերմերներին եւ փոքր ագրոբիզնեսներին` ծրագրի նպատակներին համահունչ գործունեություն իրականացնելու համար: