«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը ներկայացրել է 2010-ի հունվար-հունիս ամիսներին իր կատարած աշխատանքները: Ըստ այդմ, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ընդհանուր այցելուների թիվը ցուցասրահներ, Քանդակների պարտեզ եւ Հատուկ միջոցառումների սրահ այդ ընթացքում գերազանցել է 500 հազարը: Այդ ընթացքում կենտրոնն իրականացրել է 50-ից ավելի ծրագրեր, այդ թվում՝ Թանգարանային գիշերը, երբ 10 հազար այցելուներ վայելեցին Կենտրոնի կողմից իրականցվող հատուկ միջոցառումները. ազատ մուտք բոլոր ցուցասրահներ, կենդանի հնչողությամբ համերգային ծրագիր, արվեստագետ Դեյլ Չիհուլիին նվիրված ֆիլմերի ցուցադրում:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպվել են արվեստի տարբեր խմբակներ, բեմադրություններ: Բացօթյա համերգը ավարտվել է տպավորիչ հրավառությամբ:
Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին կազմակերպվել է հատուկ միջոցառում` նվիրված մեծանուն ամերիկահայ նկարիչ եւ Եղեռնի ականատես Արշիլ Գորկու ստեղծագործական կյանքին եւ արվեստին: Այլ ծրագրեր են իրականացվել մայիսի 9-ին, ինչպես նաեւ Թանգարանների միջազգային օրվա առթիվ՝ մայիսի 18-ին, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար:
Ապրիլի 1-ից «ԳաֆԷսճեան» արվեստի կենտրոն կատարվող բոլոր դպրոցական այցերն անվճար են եղել:
Հուլիսի 5-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով Քանդակների պարտեզում եւ Պատկերասրահ 1-ում շրջայց կատարելուց հետո Խանջյան սրահում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Կենտրոնի ներկայիս ամենաակնառու ծրագրերի շարքում են «Գաֆէսճեան» դասական երաժշտության համերգաշարը, որը տեղի է ունենում Հատուկ միջոցառումների սրահում յուրաքանչյուր չորեքշաբթի, ինչպես նաեւ Արշիլ Գորկու ցուցահանդեսի եզրափակիչ շաբաթը: Նշենք, որ մինչեւ ս.թ. օգոստոսի 1-ը Արշիլ Գորկու ցուցահանդեսի մուտքը կլինի անվճար:
2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը. ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր եւ կրթական ծրագրեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնից:




























