Բավական հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը եւ Հովհաննես Սահակյանը։ Նրանք ներկայացրել են մի օրենսդրական նախաձեռնություն, որով երկրորդ հերթի ժառանգներ են ճանաչվում նաեւ ժառանգատուի խորթ քույրերն ու եղբայրները՝ նույն իրավունքով, ինչ հարազատ քույրերն ու եղբայրները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը սահմանում է երկրորդ հերթի ժառանգների ցանկը, որի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները եւ քույրերը։ Այսինքն, ըստ էության, օրենսդիրը ժառանգատուի ժառանգների թվում չի նախատեսել վերջինիս արյունակից (համահայր) եւ արգանդակից (համամայր) եղբայրներին եւ քույրերին: Սա, ըստ էության, նշանակում է, որ հորեղբորը կամ վերջինիս որդին ժառանգատուին առավել մոտ ազգականներ են, քան միեւնույն հորից կամ մորից սերված եղբայրը կամ քույրը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները գտնում են, որ այս մոտեցումը արդարացված չէ ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական տեսանկյունից:

Ստացվում է, որ այն դեպքերում, երբ ժառանգատուն տարաբնույթ պատճառներով (հիվանդության եւ այլն) չի կարողանում կտակ թողնել, ապա օրենքի ուժով այդ անձինք չեն ժառանգում՝ ժառանգատուի մահվանից հետո:

Կառավարությունն իր այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց սույն օրենսդրական նախաձեռնությանը, սակայն արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ սա միայն մասնակի լուծում է, քանի որ հակասությունները տարբեր օրենքների միջեւ պահպանվում են, հատկապես՝ եզրույթների օգտագործման հետ կապված։