ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 29-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ երկուստեք հետեւողական աշխատանքի եւ պարբերական հանդիպումների շնորհիվ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում եւ ակնկալվող արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Անդրադառնալով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության մշակման հարցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցության տրամադրելու պատրաստակամությանը` Ա. Աշոտյանը նշել է, որ նախագիծը խիստ կարեւոր է։ Նա հավելել է, որ լայնածավալ բարեփոխումների գործընթացում գտնվող կրթության եւ գիտության բնագավառում ցանկալի արդյունքների հասնելու գրավականը հասարակական երկխոսության կայացումն ու հասարակության առավել լայն շերտերի մասնակցության ապահովումն է: Հիմք ընդունելով տեղեկատվական հասարակություն ձեւավորելու ՀՀ կառավարության քաղաքականությունը` նման ռազմավարության առկայությունը դառնում է անհրաժեշտ պայման ինչպես կրթության եւ գիտության բնագավառի, այնպես էլ այլ ոլորտների համար: Նախարարը բարձր է գնահատել նաեւ նախարարության կարողությունների գնահատմանը միտված ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախագիծը, այն դիտարկելով որպես գործունեության արդյունավետության բարձրացման համար կարեւոր հիմք:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, արտահայտելով իր գոհունակությունն արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ բոլոր զարգացած երկրներում էլ հասարակական դիմադրություն կա կրթության եւ առողջապահության բնագավառներում իրականցվող բարեփոխումների առումով: Նա հավելել է, որ իրականցվող ծրագրերը հնարավորություն կտան ընդգծել բարեփոխումների առավելությունները` բարենպաստ պայմաններ ստեղծելով հասարակական կարծիքի ձեւավորման համար: Տիկին Գերչեւան տեղեկացրել է, որ նախատեսվող ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին, երբ Հայաստան կժամանեն բարձրակարգ միջազգային փորձագետները:




























