Թերթը զրուցել է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ: «Վերջին շրջանում ակտիվանում է ՕԵԿ-ը, խոսք է գնում նաեւ աշնանը Քոչարյանի ակտիվացման մասին: Սա ինչի՞ մասին է խոսում»՝ հարցին՝ Հովհաննիսյանը պատասխանել է. «ՕԵԿ-ի ակտիվությունը շատ անհետաքրքիր է, որովհետեւ այն ճղճիմ մոտիվացիայի արտահայտություն է:

ՕԵԿ-ն այսօր  ժողովրդականություն չի վայելում եւ ստիպված է ապավինել միմիայն կազմակերպական ու ֆինանսական լծակներին: Նրանք գիտակցում են, որ վարչական ռեսուրսը ծառայեցվելու է միմիայն հանրապետականի համար, ուստի ստիպված են ճիգեր գործադրել, որպեսզի կարողանան ինչ որ կերպ ելք գտնել ջրի երեսին մնալու համար: Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նրա գործոնը թերագնահատել չի կարելի, այսօր մենք ականատես ենք, որ նա, կարծես թե, փորձում է ակտիվանալ եւ իրականացնել այն մտադրությունները, որի մասին կուլսիներում շատ է խոսվում:

Նա փորձելու է ակտիվանալ` հենվելով այն մեծ դժգոհության վրա, որոնք կան գործարար շրջանակներում: Ես բոլոր նախադրյալները տեսնում եմ Քոչարյանի ակտիվացման համար: Կարող եմ նաեւ հաստատ ասել, որ նա հանդես է գալու որպես գործարար շրջանակների չբավարարված իղձերի, ակնկալիքների եւ նաեւ կուտակված  դժգոհությունների արտահայտիչ»: