Մեծ Բրիտանիայում գտնվող Սեսեքսի, Պորտսմուտի համալսարանների, ինչպես նաեւ Փենսիլվանիայում գտնվող Դյուկեսնի համալսարանի գիտնականները Յեն Յոտենի եւ Կարեն Մակկոմբի գլխավորությամբ պարզել են, որ ձիու մռութի դիմախաղերը շատ ավելի բարդ եւ բազմապիսի են, քան այն, ինչ մինչ այժմ կարծում էին։  PLOS One ամսագրում տպված նրանց հոդվածն է վկայակոչում   Science ամսագրի կայքը։

Այդ հետազոտության շրջանակում վերլուծվել են ձիու բնական դիմախաղերը, որոնք տեսագրվել էին։ Այդ տվյալների հիման վրա գիտնականները  EquiFACS (The Equine Facial Action Coding System, այսինքն՝ «Ձիերի դիմախաղերի կոդավորման համակարգ» անունով կատալոգ են կազմել։ Դիմախաղերի քանակը   17 է, հենց դրանց օգնությամբ են այդ տնային կենդանիները փոփոխում իրենց մռութի արտահայտությունը՝ այդ եղանակով տարբեր հույզեր փոխանցելով, փոխանցում է    Scientificrussia.ru-ն։

Համեմատության համար ասենք, որ կատուների դիմային մկաններն ի վիճակի են   21 տարբեր եղանակով փոփոխվելու, իսկ շիմպանզեինը՝ միայն  13. Այսպիսով՝ հերքվում է այն պատկերացումը, թե որքան կենդանին ավելի հեռու է մարդուց էվոլյուցիոն ծառի վրա, այնքան պակաս զարգացած են նրա դիմախաղերը․ ինչպես տեսնում ենք, դա այնքան էլ ճիշտ չէ։

Հետաքրքիր է, որ ձիերի մռութի որոշ արտահայտություններ շատ նման են մարդու դեմքի արտահայտություններին։ Եվ դա այն դեպքում, երբ մեր դեմքերը լրիվ տարբեր եղանակով են կառուցված․ օրինակ, ձիերի աչքերը դեմքի երկու կողմերում են տեղադրված։

Բրիտանացի գիտնականները պատրաստվում են շարունակել իրենց հետազոտությունները պարզելու համար, թե ձիու դեմքի տարբեր արտահայտություններն ինչպես են կապված այդ կենդանիների հասարակական փոխհարաբերությունների հետ։  Նման տեղեկությունը ինչպես տեսական, այնպես էլ  գործնական նշանակություն ունի անասնաբույժների եւ ձիաբույծների համար։