Մեծ Բրիտանիայի իշխանությունները գործատուների զանգվածային ստուգումներ կանցկացնեն՝ հայտնաբերելու անօրինական ներգաղթյալներին։ Այդ մասին հաղորդել է «The Times» թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրներին։ Միգրացիոն ծառայության աշխատակիցները հատուկ ուշադրություն կհատկացնեն շինարարական ընկերությունների ստուգմանը, ինչպես նաեւ այն ֆիրմաներին, որոնք աշխատանքի են ընդունում մեծահասակների խնամողների եւ հավաքարարների։  «Օրենքը խախտող գործատուները, որոնք աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս են անօրինական ներգաղթյալներին եւ  ոչ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին ու նրանց, ովքեր աշխատանքի իրավունք ունեն, աշխատանքի վճարի նվազման պատճառ են դառնում», - թերթին տված իր հարցազրույցում ասել է ներգաղթի հարցերով նախարարի օգնական Ջեյմս Բրոքենշիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աշնանը նախատեսվում է ներգաղթի մասին նոր օրենքի դրույթների հրապարակում, նշում է պարբերականը։ Դա ուղղված կլինի ստվերային տնտեսության դեմ պայքարին․ ստվերային տնտեսությունում շատ հաճախ ներգրավվում են անօրինական ներգաղթյալները, որոնց գործատուները նախապատվություն են տալիս նրանց աշխատանքի ցածր արժեքի շնորհիվ։  Օրենքը նաեւ թույլ չի տա, որ երկրում անօրինական ապրող մարդիկ բանկերում հաշիվներ բացեն, վարորդական իրավունք ստանան, ինչպես նաեւ վարձով տարածք տվողներին կստիպի ստուգել վարձակալողների կարգավիճակը։ 

Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Ֆիլիպ Համոնդը  BBC-ին իր տված հարցազրույցում հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ներգաղթյալների ներհոսքը սպառնում է   «վնաս հասցնել Եվրամիությունում կյանքի մակարդակին եւ սոցիալական կառույցներին»։ «Մենք պիտի կարողանանք լուծել այդ խնդիրը՝ ի վերջո հայրենիք վերադարձնելով նրանց, ով իրավունք չունի փախստականի կարգավիճակ ստանալ։ Դա մեր թիվ մեկ առաջնահերթությունն է», - նշել է նա։