Լրատվամիջոցներով սպանությունների, ինքնասպանությունների լուսաբանումը մարդու հոգեբանության վրա բացասական ազդեցություն է թողնում: Այս մասին այսօր` օգոստոսի 10-ին, լրագրողներին ասաց հոգեբան Աննա Բադալյանը` հավելելով, որ ինքնասպանությունների եւ պատահարների լուսաբանումը լրատվամիջոցներով ավելացել է: «Այսպիսի երեւույթների լուսաբանումը ոչ խոցելի հասարակության համար ուսուցողական է, իսկ խոցելի հասարակության մեջ լճացնում է մտածելակերպը: Ապանությունները, ինքնասպանությունները պետք է կարողանալ լուսաբանել գրագետ` կիրառելով հոգեբանական հմտություններ: Այսօր տխուր լուրերը գրելիս լրատվամիջոցները փորձում են ավելի հետաքրքիր դարձնել այն` ավելորդ մակդիրներ ավելացնելով, ինչը բացասական հետեւանքներ է թողնում հասարակության ենթագիտակցության վրա»,- ասաց նա:
Հոգեբանի խոսքով` հոգեբանորեն խոցելի մարդու վրա նման նյութերը կարող են ինքնասպանություն գործելու ցանկություն առաջացնել, իսկ առողջ, կայտառ, առույգ մարդու մոտ առաջացնել աշխատունակության, տրամադրության անկում :
«Պետք է ԶԼՄ-ներով բացառել ողբ, դժբախտ պատահարներ, ողբերգական իրավիճակներ ցույց տվող հաղորդումները: Օրինակ վերջին շրջանում ծննդկանների մահացության դեպքերի զանգվածային լուսաբանումը բերեց նրան, որ հազարավոր հղիներ սկսեցին վախենալ, մտածել, որ նույնը կարող է նաեւ իրենց հետ կատարվել եւ լարվածության մեջ հայտնվեցին»,-ասաց նա:




























