Վագրային ընկույզը, որի պահանջարկը 1950-ական եւ 60-ական թվականներին բավական մեծ էր, կարծես կրկին տարածում են ստանում: Բրիտանացի արտադրողները վերջին շրջանում այս ընկույզի հանդեպ մեծ հետաքրքրություն են նկատում:
Վագրային ընկույզն իրականում ընկույզ չէ, այլ չուֆա անունով բույսի պալար: Այն հում են գործածում կամ ալյուրի են վերածում՝ թխվածքի մեջ օգտագործելու համար: Վագրային ընկույզը մեծ քանակությամբ երկաթ, կալիում, մագնիում, ինչպես նաեւ C եւ E վիտամիններ է պարունակում: Այն քաղցր համ ունի եւ կոկոս է հիշեցնում:
Մասնագետների խոսքով, օգտակարության բաղադրիչների առումով վագրային ընկույզը գրեթե նման է կրծքի կաթի բաղադրությանը: Բացի այդ, այն նաեւ հագեցվածության զգացողություն է առաջացնում եւ նվազեցնում կալորիաների օգտագործումը:
Ըստ Kedem-ի, մասնագետները նշում են, որ վագրային ընկույզը կարելի է աշխարհի առաջին «գերմթերքը» համարել, քանի որ այն օգտագործել են նաեւ մեր հնագույն նախնիները: Օքսֆորդի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների համաձայն, այն կազմել է 2 մլն տարի առաջ ապրած մարդկանց սննդակարգի 80%-ը:





























