Հյուսիսային Կարոլինայում 90-ամյա տղամարդն իր 89-ամյա կնոջը հաշմանդամի սայլակով դուրս է բերել ծխով պատված տնից, հաղորդում է ABC News-ը։ Տանը հրդեհ էր բռնկվել հոսանքափոխարկիչ ենթակայանին կայծակի հարվածի հետեւանքով։
Արթուր Շնայդերն ասել է, թե ինքը չի հասկանում, թե ինչպես կարողացավ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող կնոջը՝ Ռոզմարիին իր սայլակով այդքան հրել։ Բայց տան շեմին նրանց արդեն դիմավորել են հարեւանները։
«Կարծում եմ՝ Աստված մեզ մի քիչ ուժ է տալիս, երբ մենք ունենում ենք դրա կարիքը», - ասել է թոշակառուն, փոխանցում է Gazeta-ն։
Նրանց 58-ամյա դուստրը պատմել է, որ Արթուրն ու Ռոզմարին ծանոթացել են դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եւ շուտով իրենց ամուսնության 69-ամյակը կնշեն։ Շնայդերները 9 երեխա ունեն, 21 թոռ եւ 2 ծոռ։




























