Առնվազն 21 մարդ անհայտ կորած է համարվում հզոր պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել չորեքշաբթի լույս հինգշաբթի օրվա գիշերը Տյանցզին արդյունաբերական քաղաքում՝ Պեկինից 200 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։

Չորեքշաբթի տեղական ժամանակով 23.30-ին Բինխայ շրջանում 30 վայրկյան տարբերությամբ երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել Ruihai Logistics ընկերության պահեստում։ Պայթյուններն այնքան հզոր են եղել, որ դրանք արձանագրել է տեղի սեյսմիկ ծառայությունը։ Պայթյունների հզորությունը կազմել է  3 եւ 21 տոննա՝ տրոտիլային համարժեքով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է 44 մարդ, 520-ը հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից 66-ի վիճակը շատ ծանր է։