Չինաստանի կենտրոնական հատվածի Ցինլին լեռնաշղթայում քարանձավ են գտել, որի պատերը լի են նախնիների ուղերձներով: Հնագույն չինացիներն այդ կերպ պատմել են տարածաշրջանում երաշտների եւ այլ աղետների մասին:
Գրություններում հիշատակված 7 երաշտները վերաբերում են 1520-1920 թվականներին: Այսպես. 1528 թվականի երաշտը հանգեցրել է քաղցի եւ նույնիսկ մարդակերության, իսկ 1890-ականների երաշտը լուրջ բախումների է հանգեցրել տեղի իշխանությունների եւ բնակիչների միջեւ:
Շրջանում, որտեղ գտնվում է քարանձավը, անձրեւներ լինում են տարվա ընթացքում միայն մի քանի ամիս: Այս գործոնն ազդում է տեղի էկոհամակարգի վրա, ինչն էլ հաստատվել է հայտնաբերված գրությունների օգնությամբ: Դրանց վերլուծության արդյունքում պարզվել է նաեւ, որ հաջորդ մեծ երաշտը կլինի 2030-ականների վերջին:
Բացի այդ, գրությունները հնարավոր կապ են ցույց տալիս կլիմայի փոփոխության եւ 1800 տարվա ընթացքում չինական մի քանի դինաստիաների՝ Թանի, Յուանի եւ Մինի կործանման միջեւ: Գիտնականները նշում են նաեւ, որ Ցինլին լեռնաշղթային հարակից տարածաշրջանը մինչեւ հիմա խոցելի է, չնայած վերջին տարիներին զգալիորեն զարգացել է:





























