Սելֆին կարող է պատմել, թե ինչ առանձնահատկություններ, տրամադրություն եւ բնավորության գծեր ունի մարդը։ Նման եզրակացության է հանգել սինգապուրցի գիտնական Լին Կյուն։ Նա մի քանի թեստ է անցկացրել, որոնց օգնությամբ վերլուծել է Չինաստանի 120 բնակիչների հոգեկան առանձնահատկությունները, որոնք մշտապես օգտվում են սոցիալական ցանցերից ու այնտեղ սելֆիներ տեղադրում։ Այնուհետեւ Կյուն խնդրել է հարյուրավոր ուսանողների նայել ընտրված լուսանկարները եւ դասակարգել դրանք մի քանի կատեգորիաների։
Արդյունքների համեմատությունը գիտնականին բերել է եզրակացության, որ մարդիկ, որոնք բարեհամբույր են շրջապատի նկատմամբ, սելֆիի ժամանակ ժպտում են եւ լուսանկարում իրենց ներքեւից։
Այնուհետեւ գիտնականը դիտել է այն մարդկանց լուսանկարները, որոնք բադի շրթունքներ են անում (դաքֆեյս)։ Պարզվում է, որ նման մարդիկ հոգեկան որոշակի խախտումներ ունեն։ Նրանք էմոցիոնալ առումով հավասարակշռված չեն կամ նյարդային շեղումներ ունեն, հաղորդում է Planet- today-ը։
Գիտնականն ընդգծել է, որ իր հետազոտությունը բավարար չէ՝ օրինաչափության մասին խոսելու համար։





























