«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Գեւորգյանի նկատմամբ բռնությունը դատապարտելու նպատակով այսօր՝ օգոստոսի 20-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում «Հայ կանանց ճակատը» կազմակերպել է ֆլեշ մոբ, որի մասնակիցները պողոտայում շրջել են «Արի տուն, որ ծեծվես», «Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես, ուր չգրված օրենքներն են գործում» գրությամբ պաստառներով:

NEWS.am-ի հետ զրույցում «Հայ կանանց ճակատ» կազմակերպության ղեկավար Սյուզան Սիմոնյանը նշեց, որ այս դեպքը Հայաստանում բացառիկ էր, որովհետեւ քաղաքական հայացքների համար մինչեւ օրս կնոջ նկատմամբ բռնություն չէր կիրառվել:

«Այսօր մենք տեղեկացնելու ենք սփյուռքահայերին, որ Հայաստանում սփյուռքից եկած երիտասարդներին քաղաքական հայացքների համար ծեծի են ենթարկում»,- նշեց Սյուզան Սիմոնյանը:

Հատուկ այս առիթով Բելգիայից Հայաստան ժամանած  Անուշ Տերտերյանը Հյուսիսային պողոտայում ջութակ էր նվագում:

Նույն ֆլեշմոբը «Հայ կանանց ճակատը» կիրականացնի նաեւ Հանրապետության հրապարակում:

Նշենք, որ օգոստոսի 13-ին երկու անհայտ անձինք ուշ գիշերով դարանակալել են 23-ամյա Սյուզի Գեւորգյանի եւ ծեծի ենթարկել` հորդորելով ակտիվիստին դադարեցնել իր քաղաքական գործունեությունը, այլապես «իր համար վատ կլինի»: Ակտիվիստի խոսքով` ինքը վերջերս է վերադարձել Ռուսաստանից, «Հիմնադիր խորհրդարանի» աջակից է եւ Համահայկական խաղերի ընթացքում ակտիվ կերպով սփյուռքահայ մասնակիցներին իրազեկել է երկրում տիրող աղետալի վիճակի մասին` կոչ անելով տեր կանգնել իրենց հայրենիքին: