Twitter ընկերության բաժնետոմսերի գինը առաջին անգամ նախնական հանրային առաջարկի գնից ցած է իջել, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով The Financial Times-ին:
Օգոստոսի 20-ի առք ու վաճառքի ընթացքում Twitter-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է մինչեւ 25,92 դոլար: Բաժնետոմսերի առք ու վաճառքի դադարեցման պահին, բաժնետոմսերն արժեցել են 25,98 դոլար` այն թղթի համար, որը համապատասխանում է 17,6 միլիարդ դոլարի մակարդակում ընկերության կապիտալիզացիային:
2013 թվին նախնական հանրային առաջարկի շրջանակում Twitter-ի բաժնետոմսերը տեղադրվում էին 26 դոլար գնով: Նույն տարվա դեկտեմբերին դրանց գինը թռավ` հասնելով ռեկորդային արժեքի` 73,31 դոլարի: Այդ ժամանակ Twitter-ի կապիտալիզացիան գնահատվում էր 41,5 միլիարդ դոլարի մակարդակում:





























