Պակիստանի Գերագույն դատարանն արգելել է երկրի կինոթատրոններում ցուցադրել հնդկական «Phantom» ֆիլմը, որը պատմում է 2008 թվականին հնդկական Մումբայ քաղաքում պակիստանցիների կազմակերպած ահաբեկչության հետեւանքների մասին:
Ֆիլմի ցուցադրության արգելքի մասին հայց էր ներկայացրել «Ջամաաթ-ուդ-Դավա» կազմակերպության հիմնադիր եւ առաջնորդ Հաֆիզ Մուհամմեդ Սաիդը: Այն Պակիստանում գործող «Լաշկար-ի-Թաիբ» իսլամիստական խմբավորման քաղաքական թեւն է, որին հնդկական հետաքննությունը համարում է Մումբայի ահաբեկչության կազմակերպիչը:
«Phantom» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ահաբեկչությունից հետո: Ժապավենի գլխավոր թեման գլոբալ ահաբեկչությունն է: Այն պետք է կինովարձույթում հայտնվեր օգոստոսի 28-ին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄԱԿ-ը «Լաշկար-ի-Թաիբ»-ն ահաբեկչական խմբավորում է հայտարարել, իսկ ԱՄՆ-ն Սաիդին բռնելու համար 10 մլն դոլարի պարգեւ է սահմանել:
Մումբայում հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 26-ին: 10 ահաբեկիչներ մարդկանց գնդակահարել են փողոցներում, սրճարաններում, կայարանում, ինչից հետո իջեւանել 5 աստղանի հյուրանոցում, սակայն նրանց հետագայում սպանել են: Զինյալների գործողությունների զոհ էր դարձել 166 մարդ:





























