Samsung ընկերությունը սմարթֆոնների շուկայի համար Apple-ի հետ պայքարի շրջանակում որոշել է առատաձեռն առաջարկ անել iPhone օգտագործողներին եւ ակցիա է սկսել: Դրա շրջանակում Apple-ի սարքավորում ունեցողները կկարողանան գրեթե անվճար ստանալ Samsung-ի նոր սմարթֆոններից մեկը` Galaxy S6 Edge+, Galaxy Note 5 կամ Galaxy S6 Edge:

Ակցիային մասնակցել ցանկացողները պետք է իրենց սմարթֆոնով մտնեն ընկերության էջ եւ լրացնեն պատվերը: Ընտրված սմարթֆոնի համար անհրաժեշտ է վճարել խորհրդանշական մեկ դոլար, իսկ սարքավորումը գնորդի մոտ կմնա ընդամենը 30 օր, ինչից հետո պետք է այն վերադարձնել: Այն օգտատերերը, որոնք կցանկանան գնել Samsung-ի սմարթֆոնը, լրացուցիչ արտոնություններ կստանան: Ակցիան կգործի մինչեւ այս տարվա ավարտը:

Մեծացված էկրաններով Galaxy S6 Edge+ եւ Galaxy Note 5 սմարթֆոնները ներկայացվել են Նյու Յորքում, մեկ շաբաթ առաջ: Այս սարքավորումների՝ օգոստոսին շուկայում հայտնվելը վերլուծաբանները պայմանավորել են մրցակից Apple-ից առաջ անցնելու՝ Samsung-ի ցանկությամբ, որովհետեւ նորացված iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի թողարկումը միայն սեպտեմբերին տեղի կունենա: