Երևանի բնակիչ Աննա Կնյազյանին աչքի սխալ ներարկում կատարելու պատճառով միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրվող ակնաբույժ Աննա Գասպարյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Աննա Գասպարյանը: Նրա խոսքով՝ անցած տարվա նոյեմբերի սկզբին Աննա Կնյազյանը «Մալայանի անվան» ակնաբուժական կենտրոն է դիմել և բողոքել, որ լավ չի տեսնում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  հիվանդի աչքի հատակը բորբոքված է: Բժշկուհին Աննային տեղեկացրել է, որ այդ հիվանդությունը պետք է բուժել ներարկումներով: Տուժող Աննա Կնյազյանը աչքի ներարկումներից առաջ ստորագրել է  համաձայնագիր, որտեղ գրված է եղել հնարավոր վտանգների, այդ թվում` արյունազեղման 2 տոկոս ռիսկի առկայության մասին։

Երկրորդ ներարկումից հետո հիվանդի մոտ աչքի արյունազեղում է առաջացել, որը ըստ բժշկուհու`աչքի վնասման պատճառով չէ` այն կարող է առաջանալ «անգամ փռշտալուց»:  Ըստ նրա` ներարկումից հետո առաջացած արյունազեղումը հենց ապացուցում է, որ ներարկումը ճիշտ է կատարվել, քանի որ, սխալ կատարվելու դեպքում նրա մոտ թաղանթի շերտազատում կառաջանար։

Ըստ բժշկուհու` աչքի արյունազեղումը հիվանդություն չի համարվում, ոչ մի վտանգ չի ներկայացնում և այդ պատճառով էլ բուժում չունի, այն անցնում է ժամանակի ընթացքում: Ամբաստանյալը նշեց, որ հանձնաժողովային կրկնակի փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ, նա պահանջում է նոր փորձաքննություն։

«Հիվանդին ճիշտ ներարկում է կատարվել և ներարկման պատճառով աչքին ոչ մի վնաս չի հասցվել, ինչպես որ փորձաքննության արդյունքում է պարզվել: Փորձաքննություն անցկացրած մասնագետներին կանչեք, թող իմ աչքերին նայելով ասեն, որ այդպիսի բան հնարավոր է: Այտուցումը կարող է բոլորի մոտ էլ առաջանալ, անգամ առանց ներարկման: Ես սխալ բուժում չեմ կատարել, այդ պատճառով էլ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-ասաց բժշկուհին:

Տուժող Աննա Կնյազյանն էլ իր ցուցմունքում ասաց, որ բժշկուհու ներարկումից հետո բացի աչքի արյունազեղումից, այլ խնդիրներ էլ են առաջացել` աչքի շլացում, բիբի լայնացում և այլն:

«Աչքս այդպես այտուցված մնացել է մինչև այսօր, ոչ մի բժիշկ չի կարողանում օգնել ինձ, աչքիս հատակի պրոբլեմն էլի կա, չի անցել: Մեռնեմ, էլ բժշկի չեմ դիմի, արդեն ոչ ոքի չեմ վստահում, քանի որ  ոչ մի բժիշկ ինձ չի կարողանում օգնել»,-ասաց տուժողը:

Ամբաստանյալի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` կրկնակի փորձաքննություն անցկացնելու և գործում լրացուցիչ վկաներ հարցաքննելու համար: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին:

Ըստ մեղադրական եզրակացության`Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Աննա Կնյազյանի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար: Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է երեք ամսվա ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի 100–200–ապատիկի չափով տուգանքով։