Հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ մահափորձի եւ նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործերը քննող ՔԳՎ քննիչ Վահրամ Հովհաննիսյանի դեմ` պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի գյուղապետի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ ավելացնելով, որ այս մասին ինքը տեղեկացել է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունից:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ քննիչի դեմ հաղորդումը տվել են Արտակ Մ.–ն եւ Արթուր Մ.–ն, որոնք անցնում են Կամո Ղալթախչյանի որդու մասնակցությամբ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով, եւ պնդում են, որ քննիչը հարցաքննելիս իրենց նկատմամբ բռնություն է կիրառել։

Իր հերթին փաստաբանը ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի հիմքով նույն քննիչի դեմ բացարկի միջնորդություն է ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից դեռ չեն արձագանքել: Բացարկի պատճառը, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, այն է, որ քննիչը վկաներին պատշաճ չի բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  գյուղապետի որդին`Սաշա Ղալթախչյանը, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես Ղալթախչյանի եւ մի խումբ այլ անձանց հետ 2015թ. հունվարի 17-ին առեւանգել է Մեխակ Մելիքբեկյանին, որին տեղափոխել է Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, ծեծի ենթարկել նրան եւ պահանջել խոստովանել, որ ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը:

Չորս երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: