Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հետ վերադարձնել իր միանձնյա իշխանությունը եւ դրա համար պատրաստ է երկիրը ներքաշել քաոսի մեջ եւ ապակայունացնել տարածաշրջանը։ Այս մասին Die Welt գերմանական պարբերականում գրում է հոդվածագիր Դիթրիխ Ալեքսանդրը։

ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամակցության հավակնորդ Թուրքիան մատնվել է քաոսի հոսանքին։ Հրատապ լուծում պահանջող հարցերով զբաղվելու փոխարեն, նա ինքն է դարձել այդ հարցերի մի մասը։ Մինչ աշխարհն իր ուժերն է կենտրոնացրել «Իսլամական պետության» ֆանատիկոսների դեմ պայքարելու համար, Թուրքիան ավելի լավ լուծում չգտավ, քան սեփական բանակն ուղարկել հարեւան Իրաք՝ Քրդստանի բանվորական կուսակցության զինյալներին որսալու համար, նպատակ ունենալով թուլացնել քրդերի դիրքերն առհասարակ, թեպետ նրանք կարծես թե միակ ուժն են, որը կարողանում է արժանի հարվածներ տալ ԻՊ-ին, գրում է հեղինակը։

Անկարան ռիսկի է դիմում, քանի որ երբեմնի հուսալի պահպանողական Արդարացում եւ զարգացում կուսակցությունը թուլանում է, իսկ դրա հետ մեկտեղ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմքը։ Ռեժիմն ուղղակի քավության նոխազ է փնտրում։

PKK-ն իր հերթին ռիսկի է դիմում, որովհետեւ քրդական վերածնության հույս է տեսնում եւ ցանկանում է Թուրքիայից ավելի մեծ զիջումներ պոկել, քան մասնակի ինքնավարությունն է կամ ինքնորոշման իրավունքը։

Ներքին քաղաքական իրավիճակը շատ քաոտիկ է։ Թուրքական պետությունն ընդդեմ PKK-ի, Ազգայնականներն ընդդեմ Ձախերի, քրդերն ընդդեմ ԻՊ-ի, ԻՊ-ն էլ իր հերթին ընդդեմ բոլորի։  «Հուրիյեթ»- ի խմբագրության վրա հարձակումն ու գրեթե ամեն օր տեղի ունեցող բախումները երկրի ներսում աճող թշնամանքի նշան են։

Սրան գումարած՝ 2 մլն փախստականները եւ տարածաշրջանում անկայուն վիճակը։ Այս ամենը հեռատես քաղաքական ղեկավարում է պահանջում։ Իսկ դա Էրդողանից չի կարելի սպասել։ Նա ցանկանում է վերականգնել միակուսակցական իր իշխանությունը եւ ռիսկի է դիմում։ Նա պատրաստ է գնալ ամեն քայլի, անգամ քաղաքացիական պատերազմի, եզրափակում է հոդվածագիրը։