ՀՀ նոտարական պալատում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Եվրասիական նոտարական միության անդամ պետությունների նոտարական պալատների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նոտարական պալատների միջեւ հանդիպումը, որի  ընթացքում քննարկվել են վերջին տարիներին նոտարական համակարգում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին առնչվող հարցերը, շրջայց են կատարել Երևանում գործող նոտարական գրասենյակներում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանը ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը ներկայացրել է էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրումը ՀՀ-ում և տվյալ համակարգի առանձնահատկությունները մեկ պատուհան սկզբունքով իրականացվող գործարքների տեսակներով՝ իրավաբանական անձանց գրանցումները պետական ռեգիստրում, անշարժ գույքի գործարքներից ծագող իրավունքների գրանցումները կադաստրում և այլն: Ըստ նրա՝ էլեկտրոնային կառավարման մոդելը նպաստել է ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով առավել թվով քաղաքացիների սպասարկում՝ միևնույն ժամանակ բացառելով հերթերի գոյացումը և խնայելով ժամանակը:

Հյուրերը, բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստանում նոտարական համակարգի բարեփոխումները, ներկայացրել են իրենց երկրների նոտարական ոլորտի առանձնահատկությունները՝ նշելով, որ նման քննարկումները լավ հնարավորություն են միմյանց փորձն ուսումնասիրելու և այն կիրառելու համար:

Արտասահմանից ժամանած նոտարները այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: