Սեպտեմբերի 9-ին Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում զանգվածային  թունավորման դեպք է գրանցվել. մոտ 4 տասնյակ դպրոցահասակ երեխաներ թունավորման ախտանիշներով դիմել են  Թալինի հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զարինջայի գյուղապետ Սևադա Մանուկյանը:

«Բոլոր երեխաների մոտ փորլուծություն է նկատվել, բայց այժմ լավ են, հիվանդանոցում հոսպիտալացված երեխաներ չկան: Նրանցից շատերը  արդեն դպրոց են գնում, որոշները դեռ թույլ են, տանն են»,-ասաց գյուղապետը:

Սևադա Մանուկյանը տեղեկացրեց, որ գյուղ է այցելել նաև ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, որը հրամայել է խմելու ջրից փորձանմուշ ուղարկվել լաբորատոր հետազոտության համար: Հետազոտությունների պատասխանը ակնկալվում է 2-3 օրից:

Նշենք, որ Շիրակի մարզում նույնպես  թունավորման տարբեր դեպքեր են գրանվել.մարզի մի շարք գյուղերում՝ Մարալիկում, Լանջիկում նույնպես տասնյակ երեխաներ են հոսպիտալացվել նույն ախտանիշներով:  Կասկածներ կան, որ զանգվածային թունավորումների պատճառ կարող է լինել Զովասարից գյուղեր հասնող խմելու ջուրը:  Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակիչները նույնպես օգտվում են Զովասարի ջրից: