Մինչ Վաշինգտոնն ավելի ու ավելի է անհանգստանում Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության առիթով, հարց է առաջանում. ի՞նչ կանի Մոսկվան, եթե գոյություն ունեցող օդային երթուղիները փակվեն: Վրաստանն ու Հայաստանը, թվում է, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ տարբերակներից մեկն են: Այս մասին գրում են EurasiaNet.org-ի վերլուծաբանները:
Նրանց խոսքով, մինչեւ հիմա երկու երկրների պաշտոնատար անձիք, ինչպես նաեւ ամերիկյան դիվանագետները, խուսափել են այս հարցից:
Սեպտեմբերի 11-ին Վրաստանի ավիացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջին երկու ամիսներին եւ օրերին Ռուսաստանը թույլտվություն չի խնդրել Վրաստանի օդային տարածքը դեպի Սիրիա թռիչքների նպատակով օգտագործելու համար: Սակայն հայտարարությունում չի նշվում, արդյո՞ք մինչ նշված ժամանակահատվածը հարցում ուղարկվել է:
Հայաստանի քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը EurasiaNet.org-ի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանը կարող է ազատորեն օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Սակայն նա հավելել է, որ իրենք տեղեկություն չունեն դեպի Սիրիա ռուսական թռիչքների մասին եւ «ներկայում Հայաստանի օդանավակայաններով տարանցում չի իրականացվում»:
Վրաստանի պաշտպանության նախարարությունում նաեւ նշեցին, որ այդ խնդիրն «իրենց անմիջական իրավասության շրջանակում չէ», ինչը, վերլուծաբանների կարծիքով, փոքր-ինչ զարմանալի է:
Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունն իր հերթին հայտարարել է, որ դաշնակիցներին ու գործընկերներին կոչ են արել «Ռուսաստանին կոշտ հարցեր ուղղեր Սիրիայում ռազմական ներկայության մեծացման մասին», սակայն հրաժարվել են պատասխանել հարցին, արդյո՞ք Վրաստանին թռիչքների թույլտվություն չտալու մասին հարցում է ուղարկվել:
Վրաստանի ավիացիայի ներկայացուցիչները հավելել են, որ նման թույլտվության տրամադրումն ԱԳՆ-ի գործն է, որտեղից որեւէ հրահանգ չի ստացվել:
«Իր հերթին Մոսկվան ո՛չ Վրաստանին, ո՛չ Հայաստանին չի նշել դեպի Սիրիա պահուստային երթուղու թեկնածուների թվում: Հարեւան Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամն ու նախագահ Բաշար Ասադի բացահայտ հակառակորդը, ակնհայտորեն նույնպես տարբերակ չէ»,- ամփոփել են հեղինակները:





























