Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի միակ գետնանցումի պատերն օրերս նկարազարդվել են ու շուտով այն կապահովվի նաեւ գիշերային լուսավորությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ կամավոր Արփի Ադամյանը, որն «Էկոլաբ» ծրագրին մասնակցելով ներկայացրել է Մեղրիի գետնանցումը նկարազարդելու ծրագիր եւ համապատասխան ֆինանսավորում ստանալով կամավորների օգնությամբ իրականացրել այն:

Գետնանցումը, որը դպրոցների, մարզահրապարակի ու մանկապարտեզի մոտ է գտնվում, նախկինում անմխիթար վիճակում էր, այդ պատճառով էլ քաղաքացիներից շատերը գերադասում էին անցնել միջպետական ճանապարհով՝ վտանգելով իրենց կյանքը: Նախաձեռնության գլխավոր նպատակն այն էր, որ գունազարդ պատկերների միջոցով երեխաները շահագրգռվեն եւ փողոցն անցնեն ստորգետնյա անցումով:

«Պատերի նկարազարդումից հետո երեխաներիս հետ փողոցն անցնելիս արդեն պարտադիր գետնանցումից ենք օգտվում, նրանք շատ են սիրում նկարներին նայել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիում բնակվող Անուշ Սողոմոնյանը:

Նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ երկու ամիս, իսկ մաքրման ու նկարազարդման աշխատանքներին մասնակցել են նաեւ դպրոցականները: Քաղաքապետարանն էլ տեսնելով արդյունքը որոշել է գետնանցումն ապահովել լուսավորությամբ: