Այս երիտասարդի պապը պատերազմել է ֆաշիստների դեմ, հորեղբայրը 1980-ականներին Աֆղանստանում կռվել է թալիբների դեմ, իսկ հայրը՝ 1990-ականներին ադրբեջանցիների դեմ: Ահա եւ ինքը՝ բուհի երեկվա շրջանավարտը, ով հիմա կանգնած է Ադրբեջանի հետ սահմանին: Այս մասին գրել է իտալական La Stampa պարբերականը:
«Այստեղ բոլորն էլ պատերազմել են իրենց երկրի համար»,- ասում է Մարութը, ձեռքին՝ Կալաշնիկովի ավտոմատ, այնքան մաշված, որ թվում է՝ անցել է այն բոլոր պատերազմներով, որի մասին նա պատմում է:
Մարութն ու նրա ծառայակիցները՝ 20-ամյա ժամկետային զինծառայողներ, նստած են ավազով լի պարկերի ստվերում: Ինչ-որ մեկը փակում է աչքերն ու Աստծուն դիմում հենց դիրքերում կառուցված աղոթատեղիում: Ականապատ դաշտից այն կողմ՝ մի քանի տասնյակ մետր հեռու, դիպուկահարներ են:
Խաղաղությունն այստեղ հեռու է: Այն թելից է կախված՝ պատրաստ կտրվելու ցանկացած սխալ քայլից: Ադրբեջանն իր մարզն է ուզում, Ղարաբաղը՝ իր ազատությունը, եւ այս խարխուլ հավասարակշռությունը (երբեմն ամիսներով չեն կրակում, իսկ երբեմն դաժան բռնկումներ են լինում) շարունակում է միլիոնավոր դոլարներ պահանջել սպառազինության համար: Եվ մարդկային կյանքեր:
«Մենք քրիստոնյա Եվրոպայի պաշտպանության վերջին ամրոցն ենք: Ռուսաստանը դա հասկացել է, իսկ դուք՝ ոչ»,- ասում է մեզ սպան:
Ռուսաստանը Հայաստանում զորակազմ ունի, սակայն չի դադարում աստղաբաշխտական գներով զենք վաճառել Ադրբեջանին: Իսկ փոքրիկ հանրապետությունը շարունակում է պայքարել:




























