Հայաստանի քսանչորսերորդ տարեդարձը տոնում ենք մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիների արտագաղթմամբ: Այդ մասին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:
«Մենք քսանչորսերորդ տարեդարձը տոնում ենք մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիների արտագաղթմամբ, շուրջ 5 միլիարդ դոլարով ծանրաբեռնված պարտքով ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ մտնում ենք այս փուլ բռնազավթված իշխանությամբ: Դեռ ավելին՝ բռնազավթված իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը եւս տարիներ, եւ դրա համար «Սահմանադրական բարեփոխումներ» ծխածածկույթի ներքո նախաձեռնել է հանրաքվե: Հանրաքվեի օրը Սերժ Սարգսյանը փորձելու է ապացուցել ՀՀ քաղաքացիներին, որ ինքն է Հայաստանի Հանրապետության միանձնյա տերը եւ իր խմբակն է շարունակելու բռնազավթված իշխանությունը պահել իր ձեռքում եւ կրկին հարստահարել մեզ, այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չմնան ՀՀ քաղաքացիներ:
Այդ իսկ պատճառով՝ մինչ նրա կողմից հանրաքվեի օրը նշանակելը՝ մենք՝ բոլորս, պետք է համախմբվենք եւ ցանցային ըմբոստության միջոցով պետք է ցույց տանք Սերժ Սարգսյանին, որ նրան չի հաջողվելու այս անգամ եւս բռնազավթել ՀՀ իշխանությունը: Դրա համար մենք ունենք վառ օրինակներ: Վառ օրինակներից են մեր ինքնապաշտպանության դեպքերը եւ փաստերը, որոնցից ամենավառ ապացույցը Սարդարապատն էր: Երբ չունեինք հստակ ընդգծված առաջնորդներ, բայց ունեինք հստակ կամք, որ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր հողը բռնազավթիչներից:
Այսօր եկել է այդ պահը: Բոլորս դուրս ենք գալիս փողոց, բոլորս մեր բակերում, գյուղերում, քաղաքներում ստեղծում ենք ինքնապաշտպանական խմբեր եւ դուրս ենք գալիս՝ պաշտպանվելու բռնազավթիչների հարձակումներից: Հարձակումը տեղի է ունենալու հանրաքվեի օրը, բայց, մինչ այդ, մենք պետք է ցուցադրենք մեր անհնազանդությունը եւ ըմբոստությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի նա այդ պլանավորած հարձակումը չկարողանա իրագործել: Դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները: Մենք ունենք հստակ քաղաքական հանրություն, որը պատրաստ է իր քաղաքական իրավունքների համար դուրս գալ փողոց եւ պաշտպանել իր քաղաքական իրավունքները: Բոլորս դեպի փողոց՝ պաշտպանելու մեր քաղաքական իրավունքը, լինելու քաղաքական ազգ եւ հնարավորություն ունենալու ընտրելու մեր ուզած անձանց՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որոնք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը:
Հետեւաբար՝ բոլորս միահամուռ դուրս ենք գալիս փողոց»:




























