Ադրբեջանում Գորգերի թանգարանի վաճառված ցուցանմուշները փոխարինել են ժամանակակից կեղծ տարբերակներով:

Ըստ Vesti.Az-ի, թանգարանի փոխտնօրեն, արվեստաբան Ասյա Շիրալիեւան հաստատության տնօրեն Ռոյ Տագիեւին մեղադրում է մեքենայությունների եւ խարդախության մեջ:

Նրա խոսքով, ահազանգի առիթով Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը ստուգումներ է սկսել: Հանցավոր գործունեության հետքերը թաքցնելու համար սեպտեմբերի 2-ի գիշերը թանգարանի ղեկավարությունը թանգարանից հանել փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը՝ հանրապետությունից պատմական, գեղարվեստական եւ գիտական արժեքները դուրս բերելու մասին, սակայն ոստիկանությունը խանգարել է:

Թանգարանում միլիարդավոր մանաթի պետական ցուցանմուշներ կան: Դրանցից շուրջ 10 հազար միավորը գորգեր են, 5 հազարը՝ ոսկե զարդեր: Շիրալիեւան պնդում է, որ 32 տարվա ընթացքում թանգարանում լայնածավալ գույքագրում չի արվել, ինչն էլ այդպիսի իրավիճակի պատճառ է դարձել:

Արվեստաբանի եւս մեկ ցնցող հայտարարություն էլ վերաբերում է ցուցադրվող նմուշներին: Նրա խոսքով, դրանց մի մասը կեղծ է: 200-ամյա գորգերը փոխարինվել են 50-ամյա գորգերով, իսկ հնությունները վաճառել են օտարերկրացիների: Շիրալիեւան նաեւ նշել է, որ իրեն արդեն սպառնացել են՝ ասելով, որ եթե չլռի, իր դստեր համար վատ կլինի: