ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է, սակայն 20 տարի է անցել ու չկա որեւէ լուծում ԼՂ հակամարտության վերաբերյալ, իսկ իմ զեկույցը հումանիտար եւ սոցիալական կողմին է վերաբերում: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԵԽԽՎ նստաշրջանում «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է զեկույցի հեղինակ, բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը՝ հավելելով, որ այս իրավիճակը շատ հակասական է եղել, որովհետեւ հարցը Մինսկի Խմբի լիազորություններին է վերաբերում:
Մարկովիչը նշել է, որ Սարսանգի ջրամբարի 80 տոկոսը գտնվում է հայկական ուժերի ենթակայության ներքո, եւ Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանների բնակչությունը չի կարողանում օգտվել Սարսանգի ջրամբարից:
«Ես հարգում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը, սակայն ԵԽԽՎ-ն չի կարող աչքերը փակել տվյալ տարածաշրջանում առկա հումանիտար իրավիճակի առջեւ, քանի որ տեղական բնակչությունը չունի հնարավորություն՝ նման պայմաններում խմելու ջուր ունենալ»,-ասել է Մարկովիչը՝ հավելելով, որ շնորհակալ կլինեն նրանց, որոնք կողմ կքվեարկեն զեկույցին:
Նշենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում այսօր՝ հունվարի 26-ին, քննարկվում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերը հունվարի 25-ին, ԵԽԽՎ նստաշրջանի բացումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ պատգամավորներ առաջարկել են չքննարկել այդ զեկույցները: «Վերջնական որոշումն, իհարկե, պետք է ընդունի ԵԽԽՎ-ն՝ քննարկում անցկացնել, թե զեկույցները հետ ուղարկել հանձնաժողովներին»,-հավելել է Բրասերը:




























