«Միանշանակ վստահ եմ, որ իմ քայլը դրական է, եւ միանշանակ վստահ եմ, որ իմ այս քայլը մեր պայքարին նոր շունչ է հաղորդելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընդհատակից նոր դուրս եկած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ մինչեւ ոստիկանները կներկայանային նրան բերման ենթարկելու: Փաշինյանը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին.
Իսկ ճիշտ չէ՞ր լինի , որ գայիր վաղը, հանրահավաքին ելույթ ունենայիր:
Ես ճիշտն ասած վաղվա հանրահավաքի մասին երկար եմ մտածել, բայց նաեւ կարող էր տպավորություն եւ շահարկում լինել, թե ես այդ քայլով փորձ եմ անում թաքնվել մեր բազմահազար կողմնակիցների թիկունքում: Ես մտքով իրենց հետ եմ, ես այս ընթացքում անընդհատ եղել եմ իրենց հետ: Չեմ ուզում գայակղության տեղ թողնել, որ եկավ բազմահազար մարդկանց հետեւը թաքնվեց: Ես չեմ թաքնվում: Ես իմիջիայլոց այս ընթացքում շատ վատ եմ զգացել բոլոր այն ձեւակերպումների կապակցությամբ, որտեղ ասվել է, թե ես իբր թաքնվում եմ: Ես չեմ թաքնվել, ես թաքնվելու խնդիր չեմ ունեցել եւ երբեք չեմ թաքնվելու: Ես ասել եմ, որ պայքարելու եմ մինչեւ վերջ եւ կասկած չունեմ, որ մեր շարժումն ի վերջո հանգելու է հաղթական ավարտի:
Ի՞նչ կասես այն մարդկանց, ովքեր անվտանգությանդ համար մտավախություն ունեն:
Ես հետեւյալը կասեմ, ես շատ շնորհակալ եմ, որ բազմաթիվ նամակներ, հորդորներ եմ ստացել մեր կողմնակիցներից, որոնք քննադատում են ինձ զուտ անվտանգության նկատառումներով, որ ես այս քայլին դիմում եմ: Բայց ես ուզում եմ ասել, իմ կարծիքով քաղաքական գործիչը նա է, ով անհրաժեշտ պահի կարող է կայացնել դժվար որոշումներ, ինչ-որ տեղ սեփական կողմնակիցների եւ համախոհների համար ոչ այնքան հաճելի: Բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանրապես իմ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Ես հարցին նայում եմ քաղաքական պայքարի եւ քաղաքական տրամաբանության տեսակետից: Ես դա ասել եմ դեռեւս քաղաքականությամբ զբաղվել սկսելուց առաջ: Ես ասել եմ, եթե քաղաքական գործիչը անհրաժեշտ է, որ զոհվի, հանուն գաղափարների, ուրեմն պետք է, որ ինքը զոհվի հանուն իր գաղափարների:
Ի՞նչ կլինի քեզ հետ:
Ինձ կձերբակալեն հետո, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման, բայց ես էլի եմ ասում, Միքայել Հայրապետյանը հոդված էր հրապարակել, որտեղ ասում էր, որ ես ինչ որ առումով դրոշ եմ, փարոս եմ, չի կարելի, որ ես բանտում հայտնվեմ: Իմ սիրելի եղբորն ուզում եմ ասել, որ ես ուզում եմ փարոս լինել բանտում, եւ քանի դեռ ես բանտում եմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանում կա օրինականության, ազատության խնդիր, եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է պայքարի հանուն այդ ազատության: Եթե ես սիմվոլ եմ, ուրեմն ես սիմվոլ եմ նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատության: Ես չեմ մեծամտանում: Քանի դեռ ես բանտում եմ, ուրեմն Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատության համար պայքարելու բան ունի:
Ինչպե՞ս եք գնահատում համաներումը:
Ես ասեմ, համաներումն իմ համար գործնական հարց է: Ինձ համար կարեւորը այն է, որ մեր պայքարի, իմ քսանից ավելի քաղբանտարկյալ ընկերներ հայտնվել են ազատության մեջ: Սա ինձ համար գերագույն արժեք է եւ, ընդ որում, ինձ հնարավորություն են տվել, որպեսզի ես հայտնվեմ այստեղ: Ես ուզում եմ անկեղծ ասել, երբ որ իրենք մնային բանտում, ես չէի կարող այս որոշումը կայացնել, որովհետեւ դա իսկապես հարված կլիներ մեր տասնյակ հազարավոր կողմնակիցներին: Ինչ որ առումով նրանց մոտ հուսահատություն կառաջանար, բայց հիմա նման խնդիր չկա:
Ընդդիմադիր շարժման շանսերն ինչքա՞ն ես գնահատում:
Ես այդ շանսերը գնահատել եմ դեռ էն գլխից եւ ասել եմ, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք:
Հնարավո՞ր է, որ հետո փոշմանես քո վերադարձ որոշման համար:
Բացառվում է: Ես ասում եմ, քավ լիցի, խնդրում եմ ինձ այդքան անլուրջ մի վերաբերվեք, որպեսզի ես կայացնեմ որոշումներ, որի հետ կապված զղջումներ ունենամ: Այս ընթացքում կայացրած ցանկացած որոշում, ցանկացած որոշման մեջ համոզված եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ընթանում է, ամեն ինչ ընթանում է միակ հնարավոր ճանապարհով: Միակ ցավը, միակ ողբերգությունն այն է, որ մենք տասը զոհ ենք տվել: Եթե, հասկանում եք, ցանկացած զրկանք, ցանկացած կորուստ, որը վերականգնելի է, դա նորմալ է, բայց այն կորուստները, որը վերականգնելի չէ, դա ուղղակի ողբերգություն է: Ինձ համար եռակի, քառակի անձնական ողբերգություն է եւ ես այսօր գլխավոր դատախազության մուտքի մոտից ուզում եմ կրկին գլուխ խոնարհել մարտի 1-ի բոլոր տասը զոհերի հարազատներին, ուզում եմ դիմել բոլոր զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, որ մադասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է, եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ցանկացած, բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ, առանց համաներման իրավունքի:
Եթե հետեւել եք դատավարություններին, ո՞ն ց եք վերաբերվում այն փաստին, որ քո բոլոր ելութները մեջբերել են, հետո մարդկանց մեղադրել հանցագործությունների մեջ:
Իմիջիայլոց, ես ձեզ ասեմ, որ ես այդ օրը շատ ելույթներ եմ ունեցել, հասկանում եք, որ ես ամբողջը անգիր չեմ կարող հիշել, բայց ուղղակի ցույց են տրվում, արտաբերվում են ֆրազներ, որ ես ուղղակի չէի կարող ասել: Դա այդ նույնն է, որ ձեզ հայտնի Մարիշ Բոզիկյան անուն ազգանունով մարդը փորձում էր ապացուցել, որ ես հայտարարել եմ, որ չգիտեմ հոգիս փառավորվեց, որ տեսա ոստիկաններին ծեծում եք: Ես այսօր ասում եմ, ցանկացած ոստիկան, ցանկացած ոստիկան՝ փողոցում կանգնած, երբ որ ինքը տանը մենակ է, երբ որ ինքը մենակ է իր կնոջ, իր երեխաների հետ, ինքը համոզված է, որ մեր պայքարը արդարացի է: Ցանկացած ոստիկան, այդ թվում նաեւ այն ոստիկանները, ովքեր մարտի 1-ին եղել են գործողությունների թատերաբեմում: Այդ թվում՝ նաեւ այն օպերատիվ աշխատողները, ովքեր տարուց ավելի հալածում են իմ ընտանիքի անդամներին, ամեն քայլը, ամեն քայլափոխը արձանագրվում է: Այդ մարդիկ համոզված են, որ մեր պայքարը արդարացի է: Չեն կարող ուղղակի համոզված չլինել: Որովհետեւ այդ մարդիկ ովքեր են, այդ մարդիկ օդից չեն ընկել, մեր հարեւաններն են, մեր բարեկամներն են: Այդ ոստիկաններից, այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից բազմաթիվ մարդկանց ես անձամբ ճանաչում եմ, ես գիտեմ՝ իրենք ինչ են մտածում: Բայց այսօր Հայաստանի պրոբլեմն այն է, որ մարդիկ մտածում են մի բան, բարձրաձայնում են ուրիշ բան: Եվ իմ քաղաքական գործունեության խնդիրը ի վերջո հետեւյալն է, որ մենք ասենք այն, ինչ մտածում ենք: Ոչինչ, թող այս ասածի համար մեզ դատապարտեն, մեզ հետապնդեն, մեզ ունեզրկեն, մեզ բանտերը լցնեն, բայց մենք ի վերջո պետք է սովորենք ասել այն, ինչ մտածում ենք:
Եղել է արդյոք պահ, որ մոտ են եղել քեզ բռնելու:
Ոչ, չի եղել: Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցներին մի քանի անգամ թվացել է, թե իրենք շատ մոտիկ են ինձ ձերբակալելուն, բայց իրենք որեւէ շանս չեն ունեցել: Իրենց միակ շանսը այսօր էր, որ ես արդեն գալիս էի: Ոչ թե այն առումով, որ բավական մեծ թվով մարդիկ տեղյակ էին: Իմիջիայլոց, ես ուզում եմ ասել, որ այս 1 տարի երեք-չորս ամիսներն, ընդհատակյա, իմ կյանքի ամենալուսավոր հատվածն է: Բոլոր առումով, մարդկային առումով: Ես այս ընթացքում, շատ մարդկային արժեքներ կան, որոնք, երբ որ մենք դրսում ենք գտնվում, ամենօրյա շփումների մեջ մեզ թվում են, թե այդ արժեքները, մարդկային արժեքները կորսված են: Բայց այս ընթացքում ինձ օգնել են բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում ինձ հետ ծանոթ չեն եղել ուղղակի:
ԵԽԽՎ-ի 1677 բանաձեւը ո՞նց ես գնահատում:
Ո՞վ է Եվրախորհուրդը: Ես չեմ ճանաչում նման մարմին:
Դու հիմա մտնում ես այստեղ: մենք չգիտենք՝ քեզ հետ ինչ կլինի: Մոտավոր պատկերացնո՞ւմ ես՝ Քեզ ներսում ինչ է սպասվում:
Գիտեք ինչ՝ ես ամեն ինչ գիտեմ: Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ինձ հետ ոչինչ լինել չի կարող: Սերժ Սարգսյանից բռնած մինչեւ վերջին չինովնիկը երազում է, որ ինձ հետ ինչ-որ բան պատահի: Ինձ հետ որեւէ բան տեղի չի ունենալու: Ես բանտից դուրս եմ գալու, եւ մինչեւ բանտից իմ դուրս գալը մենք հաղթելու ենք: Այս պայքարն իմ կյանքի գործն է, ես ուրիշ անելիք չունեմ: բանտին ես վերաբերում եմ որպես իմ հերթական աշխատանքի:
Տեղեկություն ունե՞ս Խաչատուր Սուքիասյանից:
Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:



























