«Վրաստանի նախագահի հայաստանյան այցի արդյունքները. երկկողմանի հարաբերությունների առաջնահերթությունները» թեմայի շուրջ Երեւան-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ բանախոսել է «Եվրոպական ինտեգրում» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

«Երբ որեւէ բան անջատվում է հայ-վրացական հարաբերություններից, հարց է առաջանում. իսկ ո՞ր կողմին է դա ձեռնտու։ Այս կարծրատիպը միշտ էլ գոյություն է ունեցել։ Ես դա տեսնում եմ գործընկերներիս հետ քննարկումների ժամանակ եւ մինչեւ այն ամբողջապես չքանդվի, փոխհարաբերությունները լինելու են կենացների մակարդակով։ Սա նաեւ վերաբերում է „Վերին Լարս“ անցակետի հարցին։ Այո, Հայաստանին անցակետը պետք է, սակայն ոչ ավել՝ քան Վրաստանին», ասել է Բեքարյանը։

Կովկասի Ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը, իր հերթին ասել է, որ անցակետի բացման միտումը ավելի շատ դրական է, քան բացասական։ Վրաստանը կարող է օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից եւ փորձել կարգավորել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։

Սակայն, հեռուստակամուրջի մասնակիցներ վրացի քաղաքագետ Գեա Նոդիան նշեց, որ Վրաստանի համար «Վերին Լարսի» բացումը ճակատագրական հարց չէ, բայց վերջինս տնտեսապես ձեռնտու է Հայաստանին։ Վրաստանի նախագահի խորհրդական հայազգի Վան Բայբուրթի խոսքերով, Վրաստանում շատերն են ցանկանում Ռուսաստանի հետ նորմալ, հավասարազոր հարաբերություններ ունենալ։ «Մենք, ինչպես Հայաստանը եւ այլ պետություններ՝ ինքնուրույն ու անկախ ենք եւ համապատասխան հարգալից վերաբերմունք ենք ակնկալում»։