Ինչպես հայտնի է, վերջին երկու տարին նշանավորվել է Ռուսաստանի տնտեսության ճգնաժամով: Հայաստանի համար դա ունեցավ շրջադարձային նշանակություն՝ կապված «ռուսական» տրասֆերների անկման հետ: Արդյունքում մեր բնակչության մի մասի եկամուտները կրճատվեցին, ինչն իր ազդեցությունն ունեցավ սպառողական շուկայի վրա: Ընթացիկ տարում Հայաստանում ինֆլյացիան փոխարինվել է հակադիր գործընթացով՝ դեֆլյացիայով: Օրինակ՝ հունիսին պարենային մթերքի (չհաշված ալկոհոլն ու ծխախոտը) միջին գները տարեկան կտրվածքով նվազել են 1,3 տոկոսով: Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ այդ ապրանքի գծով ինֆլյացիան կազմում էր 5,5 տոկոս: Արդյունքում՝ երկու տարվա ընթացքում պարենային մթերքը թանկացել է 4,1 տոկոսով: Այսինքն՝ գները չեն նահանջել իրենց սկզբնական դիրք: Սննդամթերքի որոշ ապրանքների գները աճի ուշագրավ շարժ են գրանցել:
Նախ նշենք, որ տավարի միսը թանկացել է: Ոչ զգալի՝ 3,8 տոկոսով (հունիսի տվյալներով), բայց թանկացել է: Ապա հետեւում է գների բավական զարմանալի անկում: Օրինակ՝ պաշտոնական տվյալներով հունիսի հաշվետու ժամանակահատվածում խոզի միսը մոտ քառորդ անգամ էժան էր, քան ուղիղ երկու տարի առաջ: Երկնիշ թվերով է նվազել նաեւ ոչխարի մսի գինը՝ համարյա 11 տոկոսով: Դրա հետեւանքով մսի նշված տեսակների գների միջեւ տարբերությունը նվազագույնի է հասել: Եթե երկու տարի առաջ խոզի եւ ոչխարի միսը 1,4 անգամ ավելի թանկ էր տավարի մսից, ապա այժմ հարաբերակցությունը նվազել է՝ համապատասխանաբար մինչեւ 2 եւ 20 տոկոս:
Հասկանալի է, որ այլեւայլ հավասար պայմանների առկայությամբ գները նվազում են սպառողական պահանջարկի կրճատման հետեւանքով: Վերջինի մասին է վկայում ընթացիկ գներով մանրածախ առեւտրաշրջանառության ծավալի կրճատումը: Բնական է ամբողջ բնակչությունը չի աղքատացել: Միանգամայն հնարավոր է, որ մեր հասարակության հարուստ հատվածը էլ ավելի հարուստ է դարձել: Սակայն սննդամթերքի սպառման մակարդակն ունի իր կենսաբանական սահմանափակումները: Այլ հարց է, երբ շահույթն է կրճատվում: Այդ դեպքում քաղաքացիներն արդեն հարկադրված են հրաժարվել ոչ մատչելի թանկ ապրանքից, այդ թվում՝ նաեւ մսից: Այդ պատճառով սպառողական պահանջարկի կտրուկ նվազումը վաճառողներին դրդել է էժանացնել խոզի եւ ոչխարի միսը:
Իսկ ինչո՞ւ չի էժանացել տավարի միսը: Առաջին՝ տավարի միսը ունիվերսալ սննդամթերք է (ի տարբերություն խոզի եւ ոչխարի մսի), որից դժվար է հրաժարվել: Երկրորդ՝ բացառված չէ, որ տեղի է ունեցել խոզի եւ տավարի մսից տավարի մսին սպառողական պահանջարկի անցում: Այդ անցումը թույլ է տվել փոխհատուցել այլ սպառողների պահանջարկի կրճատումը, որոնք սահմանափակել կամ ընդհանրապես հրաժարվել են մսի այդ տեսակից: Ահա եւ շուկան արձագանքել է գների թեթեւակի աճով: Իհարկե, դա միայն ենթադրություն է, քանի որ ապրանքի վաճառքի մանրամասն տեղեկատվություն չկա:
Սմբատ Գրիգորյան





























