Հայաստանյան շուրջ 34 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողով հրավիրելու նախաձեռնությամբ, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին` Գրողների միությունում եւ կոչով դիմել հանրությանը: Կոչում մասնավորապես ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` իր անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին տակավին մնում է պաշտոնապես չճանաչված ո՜չ միջազգային հանրության եւ ո՜չ էլ անգամ Հայաստանի Հանրապետության կողմից: Ավելին` տպավորություն է ստեղծվում, որ պետական մակարդակով մշակված չէ Արցախի անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգը եւ Հայաստանի ու Արցախի միջեւ փոխազդեցության եւ փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարությունը:

Այսօր, երբ գնալով ահագնանում են հայկական երկու պետությունների հանդեպ արտաքին մարտահրավերները, հատկապես իրական է դարձել Մադրիդյան սկզբունքների իրագործման եւ Հայաստանի, այդ թվում Արցախի անվտանգության խաթարման վտանգը, մենք` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներս, չենք կարող անտարբեր մնալ Արցախին վերաբերող խնդիրների հանդեպ եւ դրանք լայն շրջանակով քննարկելու նպատակով հրավիրում ենք Քաղաքացիական ժողով` «Արցախ» օրակարգով: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, մտավորականներին, խնդրո առնչությամբ մտահոգ բոլոր քաղաքացիներին` սույն թվականի հոկտեմբերի 21-ին, ժ. 14.00-ին մասնակցել ՀՀ գրողների միության մեծ դահլիճում տեղի ունենալիք արցախյան օրակարգով Քաղաքացիական ժողովին»:

Քաղաքացիական ժողովի օրակարգում է.

ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչումը

ԼՂՀ սահմանների եւ տարածքային ամբողջականության խնդիրը

Փախստականների եւ Արցախի բնակեցման խնդիրը

Մադրիդյան սկզբունքները

ԼՂՀ հանդեպ ՀՀ կրթամշակութային քաղաքականությունը ԱԺ-ում Արցախի խնդրով լսումներ կազմակերպելու խնդիրը

Քաղաքացիական ժողովի անունից հայտարարության ընդունում

Քաղաքացիական ժողովի արդյունքների տարածման ուղղությամբ նախաձեռնող խմբի կողմից տարվելիք միջոցառումների վերաբերյալ ժողովի մասնակիցներին իրազեկում: